24.11.2024
Հայաստանում 2017 թվականին համախառն ներքին արդյունքն աճել է 7.5 տոկոսով. ԱՎԾ
prev Նախորդ նորություն

Վարչապետը չպատասխանեց՝ ինչո՞ւ քաղաքացին անցնի գազի, բայց պաշտոնյաները բենզինից չհրաժարվեն

Ազգային ժողովում այսօր դարձյալ անդրադարձ եղավ գնաճին, այդ թվում նաև վառելիքի շուկայում, որի շուրջ հանրային դժգոհությանն ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը հենց նույն դահլիճից խորհուրդ էր տվել բենզինից անցնել գազով մեքենա վարելուն:


Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ծախսերի օպտիմալացման ծրագիրը, որի շրջանակում 2017 թվականին Կառավարության թվով 915 միավոր տրանսպորտային միջոցներից կրճատվեց ընդամենը 27 տրանսպորտային միջոց՝ շուրջ 2%, բայց դրան զուգահեռ ծառայողական մեքենաների ծախսը բացարձակ օպտիմալ չէ.


«Ինչքանո՞վ եք ճիշտ համարում այն փաստը, որ այս դժվարին ժամանակներում, երբ հասարակությանը կոչ եք անում գոտիները ձգել և խորհուրդ եք տալիս բենզինի փոխարեն սեղմված գազի անցնել, կառավարության պաշտոնյաները շարունակում են բենզինով շքեղ մեքենաներով իրենց երեխաներին տանել դպրոց, իսկ նրանց կանայք իրենց տան աղբն այդ ծառայողական մեքենաներով են տանում աղբանոց: Եվ սա հասարակության աչքի առաջ, երբ մենք 45 հազար դոլար չենք կարողանում հայթայթել վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար»,- հետաքրքրվեց Սերգեյ Բագրատյանը:


Սակայն հարցին պատասխանեց ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանը, ում անձնապես հասցեավորված էր, այլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա, նախ, հայտարարեց, որ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում, իսկ մեքենաների մասով արդեն իսկ ասել են, որ ամեն մեքենա ծառայում է կոնկրետ և ստեղծում կոնկրետ ավելացրած արժեք:


Ինչ վերաբերում է վարչապետի նախկին հորդորին՝ բենզինից գազին անցնել, Արամյանը նշեց.


«Պետք է վերլուծություն արվի: Իհարկե, գազի համար անհրաժեշտ են ներդրումներ... Աշխատանք կկատարենք և կքննարկենք»,- շեշտեց նա:


Սերգեյ Բագրատյանին պատասխանը դուր չեկավ, ինչպես նաև կառավարության որոշ անդամների հորդորները չլինել այդքան էմոցիոնալ հարցերում: Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ կառավարության անդամներն էլ իրենց ոճի մեջ սառնասիրտ են ու չեն շփվում ժողովրդի հետ: Այնուհետ հորդորեց կառավարության անդամներին սպասարկող մեքենաները անցում անեն գազի և ոչ թե բենզինով նման ընտանեկան ճոխություններ թույլ տան: Ասել է թե՝ հարկատուներիս հաշվին:  


Արամյանի պատասխանը մեկն էր.  «Մենք միշտ ասել են, որ հարկատուների գումարները պետք է ծախսեն արդյունավետ»։