Ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը. ԱԺ-ում սկանդալ է հասունանում
ֆոտոկոլլաժը՝ tert.am-ի
ՀՀ Ազգային Ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին: Քվեարկությունը տեղի ունեցավ փակ գաղտնի կարգով:
Արդյունքում նոր մարմնի կազմը հետևյալն է. Գագիկ Հարությունյան (պաշտոնավարման հնգամյա ժամկետ). ընտրվել է 2 դեմ, 96 կողմ ձայների հարաբերակցությամբ, Գևորգ Դանիելյան (պաշտոնավարման հնգամյա ժամկետ). ընտրվել է մեկ անվավեր, 90 կողմ , 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Մելիքջանյան, այնուհետ Հայկ Հովհաննիսյան և Սերգեյ Մեղրյան:
Նրանք ԱԺ ամբիոնից երդվեցին: Քվեարկությունն առանց սկանդալի չավարտվեց. արդյունքների հրապարակումից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամները դեմ են քվեարկել, այսինքն՝ քվեարկության ժամանակ կեղծվել են «Ելք» պատգամավորների քվեաթերթիկները: Ըստ այդմ, նա պահանջեց քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ կեղծվել իրենց ձայները։
Նա, մասնավորապես, հայտարարեց. «Այդ քվերակությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։ Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, որ արդյունքները կեղծվել են, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ այս ամենն արվում է «Ելք»-ի մեջ պառակտում մտցնելու համար։
Նշենք, որ նոր մարմնի ստեղծումը բավականին քննադատության արժանացավ, հնչեցին նաև տեսակետներ, որ դա ոչ այլ ինչ է, քան անգործ մնացած որոշ անձանց տաքուկ ու հարմար պաշտոնի տեղավորելու փորձ: