24.11.2024
Առանց խուճապի. վաղը ուսումնավարժության ժամանակ կգործարկվի ազդարարման շչակ
prev Նախորդ նորություն

Սկզբունքային ու հետևողական. Արփինե Հովհաննիսյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին

Քիչ անց ԱԺ-ում կկազմակերպվի ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նշենք, որ այդ պաշտոնին հավակնում է միայն մեկ թեկնածու՝ ՀՀԿ կողմից առաջադրված Գևորգ Կոստանյանը, այլ թեկնածու այս պաշտոնի համար չի առաջադրվել։


Այսպիսով, Կոստանյանը կփոխարինի ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանին, ով առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ամենաառանցքայիններից մեկն է խորհրդարանում, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախևառաջ, ամենակարևոր ու առանցքային օրինագծերը այս հանձնաժողովում, նրա խոսքով, դառնում են թեժ քննարկման առարկա: Եվ, ըստ այդմ, անչափ կարևոր է դիտարկել այն անձի մասնագիտական ու մարդկային որակները, որը հավակնում է այդ պաշտոնին: Մարդկային որակների մասին, ըստ Արփինե Հովհաննիսյանի, ԱԺ դահլիճում շատ է խոսվել, ինքն էլ իր կողմից ավելացրեց երկուսը՝ սկզբունքայնություն և հետևողականություն: Իսկ մասնագիտականն էլ ապացուցվել է անցած տարիներով.

«Եթե խոսում ենք Գևորգ Կոստանյանի մասնագիտական որակների մասին, ապա նա դա ապացուցել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Այնպես որ այս պահին փաստում ենք այն հանգամանքը, որ պարոն Կոստանյանը իրապես համապատասխանում է այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ այդ դահլիճում նա այն երկու պատգամավորներից մեկն է, ով աշխատել է վերջին գումարումների ԱԺ պետաիրավական հանձնաժողովների նախագահների հետ՝ Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հրայր Թովմասյանի և արդեն ահա Գևորգ Կոստանյանի հետ և կարող է ասել, որ այդ հանձնաժողովը ոչ, ժողովրդական լեզվով ասած, «հավսար-զգաստի», ոչ էլ «ջան-ջիգյարի» հանձնաժողով է, այլ բարդ հայեցակարգային լուծումների համար անհրաժեշտ մթնոլորտի կարիք ունեցող հանձնաժողով է, որի նախագահի վրա բարդ պարտականություններ են դրված: Եվ ամենագլխավոր գործառույթն այն է, որ օրենսդիր-գործադիր համագործակցության հարթակում օրենսդրի տեսակետն առաջ քաշելու և հետևողականորեն այն պահելու ու իրականություն դարձնելու ձևաչափ է դա: Իսկ Արփինե Հովհաննիսյանը վստահ է, որ Գևորգ Կոստանյանը այդ ամենը վստահորեն առաջ կտանի:


Հիշեցնենք, այսօր արդեն հայտնի կդառնա՝ Գևորգ Կոստանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը, թե ոչ, թեպետ հաշվի առնելով ելույթներից՝ որևէ կասկած դրանում չկա:


Գևորգ Կոստանյանը 2013 թվականին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազ:


Նշենք նաև, որ ավելի ուշ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Գևորգ Կոստանյանը  63 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: