25.11.2024
Գերմանիայում վերսկվել է Էրդողանի մասին երգիծանքի վերաբերյալ դատավարությունը
prev Նախորդ նորություն

Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները արժանի պատիժ չկրեցին. Նալբանդյան

Փետրվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին շուրջ մի քանի տասնյակ երկրների արտգործնախարարներ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։


Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ այս տարի նշվող երկու կարևոր հոբելյաններին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակներին՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթղթի դրույթներն այսօր էլ խախտվում են աշխարհի շատ մասերում։


ՀՀ ԱԳՆլրատվական ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծեց. «Երեսուն տարի առաջ՝ 1988 թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով: Այդ վայրագությունների պատճառով էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը գրեց` «Եթե մինչև Սումգայիթն որևէ մեկի մոտ դեռ կասկած կարող էր լինել, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ բարոյական հնարավորություն չմնաց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային միավորման վրա պնդելու համար»:


Սումգայիթյան կոտորածը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում, Եվրախորհրդարանի կողմից՝ համապատասխան բանաձևի ընդունմամբ: Ցավոք, այս հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: Ինչպես բազմիցս է տեղի ունեցել մարդկության պատմության ընթացքում, անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում և շատ այլ վայրերում։



Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից և շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով, ներառյալ այսպես կոչված Խոջալուի քարոզչական արշավով, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ հայերին վարկաբեկել նրանց պիտակավորելով իբր բռնություններ իրականացրած կողմ։


Սա Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականության մասն է կազմում։ Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը և շատ այլ մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապես կիրառվող ատելության քարոզի առնչությամբ և որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը։ Նմանօրինակ հակահայկական քարոզչությունն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագություններ, ներառյալ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանությունները, դիակապտությունները, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումները»։


Խոսելով միջազգայնորեն չճանաչված կարգավիճակներով տարածքների բնակչության նկատմամբ խտրականության դրևորման անթույլատրեիլության մասին, նախարար Նալբանդյանն ասաց. «Երբ առկա է կյանքի անմիջական սպառնալիք, առաջնային նշանակություն է ձեռք բերում հակամարտության գոտում բնակվող անձանց համար ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների և հատուկ ընթացակարգերի հասանելիության ապահովումը, մարդասիրական օգնության տրամադրումը:


Զավեշտալի է, երբ զանգվածային հանցագործություններ իրականացնողների հետ խորհրդակցում են միջազգային կազմակերպությունների ներգրավման և մարդասիրական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ նրանց թույլտվությունը ստանալու շուրջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ։


Համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու անհատական և հավաքական իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը չպետք է պայմանավորված լինի տարածքի կարգավիճակով, ուր բնակվում է ժողովուրդը: Սա պետք է լինի առաջնորդող սկզբունք բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են Հռչակագրի համընդհանուր կիրառմանը՝ առանց որևէ «գորշ գոտիներ» թողնելու այնտեղ, որտեղ մարդիկ զրկված են իրենց իրավունքների իրականացման համար միջազգային աջակցությունից: Ուշացած արձագանքը, իրավիճակի հետաձգված դիտարկումը, կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը հռչակված հանձնառությունների և տեղում դրանց իրականացման միջև առկա բացթողումներն են: Հիրավի, «իրավունքի կիրառման հետաձգումը իրավունքի մերժումն է»:


Ցանկանում եմ մեջբերել Համընդհանուր հռչակագրի հեղինակներից մեկի` Էլեոնոր Ռուզվելտի խոսքերը. «մենք չենք կարող ունենալ խաղաղություն կամ խաղաղությանը նպաստող միջավայր, քանի դեռ չենք ճանաչում անհատների իրավունքները»։


Էդվարդ Նալբանդյանի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում միջազգային հանրության ջանքերում Հայաստանի նախաձեռնություններին։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը. «2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: Ինչպես վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մյոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման պաշտպանության գործում»:


Աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքերի առջև, կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները, բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» և կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:


Մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը: Դեկտեմբերի 9-ին մենք Երևանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարևոր հարթակ կհանդիսանա այս զազրելի հանցագործության դեմ մեր միասնական պայքարի վճռականության արտացոլման, դրա շուրջ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման համար», ասաց Հայաստանի արտգործնախարարը։


Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի հանձնառություններին և դրանց կատարմանը նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձևավորումը: Մենք պարտաճանաչ կերպով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ենք ներկայացրել Հայաստանի ազգային զեկույցները և դրանց իրականացման հաշվետվությունները: Հայաստանը սատարում է Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացը և պատրաստվում է կամավոր հիմունքներով ներկայացնել Համընդհանուր պարբերական վերանայման երկրորդ միջնաժամկետ զեկույցը:


Մեր երկիրն ավարտին է հասցնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Անցումային ողջ գործընթացի ժամանակ` ներառյալ Սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի առանցքային օրենքներում համապատասխան փոփոխությունները և խորհրդարանական ընտրությունները իրականացվել են ներառական մթնոլորտում՝ միջազգային մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, և ի ցույց են դրել, որ մեր երկրում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն է և անշրջելի:


Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը Հայաստանում` հենվելով նաև մեր գործընկերների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության վրա:


Պարոն նախագահ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունն` առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, որոնք շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել մեր առաջնայնություններում»։