Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում. Թոմաս դե Վաալ
Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ պահպանվում է, բայց Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում: Այս մասին «Էխո Կավկազի»-ի հետ հարցազրույցում ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
«Ո՞վ նման ռիսկի կգնա ու կսկսի նման վտանգավոր հակամարտություն, որը կարող է մասայական զոհերի ու ավերածությունների բերել: Բայց, մյուս կողմից, հակամարտությաունը թեժ է՝ թե հռետորաբանության առումով, թե շփման գծի հագեցվածության մակարդակում: Ես ռիսկը մեծ է»,- ասել է նա:
Թոմաս դե Վաալի կարծիքով, այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան մի քանի տարի առաջ և մանևրելու տարածքն էլ ավելի սուղ է: Եվ ամենացավոտ հարցն այն է, որ հայերը վերահսկում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը.
«Ես կարծում եմ, որ բոլորն այսպես, թե այնպես հասկանում են, որ հիմնախնդրի ցանկացած հանգուցալուծման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության տակ: Բայց այստեղ առկա է նաև Ղարաբաղի շուրջ շրջանների հարցը, որոնք չեն եղել Ղարաբաղի մասը, բայց այսօր հայերի վերահսկողության տակ են: Իհարկե, Ադրբեջանը երբեք չի հաշտվի դրանց կորստի հետ, բայց հայկական կողմը դրանք չի վերադարձնի, քանի անվտանգության հստակ երաշխիքներ չկան: Ես կարծում եմ, որ 20 տարի առաջ այս հարցը լուծելն ավելի հեշտ էր, քան այսօր»,- նշել է նա:
Ըստ նրա, աշխարհի համար գոյություն ունեն շատ ավելի կարևոր հակամարտություններ, քան ղարաբաղյանը՝ Սիրիայում, Ուկրաինայում, և այլն, բայց վտանգավորությունը նրանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ և ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բավականին մեծ է.
«Կարծում եմ, հաշվի առնելով այդ հանգամանքը, ճիշտ կլիներ ավելի շատ ուշադրություն դարձնել դրան այսօր, քան որոշ ժամանակ անց, երբ հակամարտությունը վերսկսվի»,- հավելել է փորձագետը: