Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը եւ 2018 թվականի սկիզբը կարեւոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր՝ նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց եւս մեկ փաստաթուղթ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ, որում լիովին արտացոլվում են բոլոր այն նպատակները, որ Հայաստանն իր առջեւ դրել է ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:
Սարսգայնը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է նույն ոգով շարունակելու հարաբերությունների զարգացումը եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվել է Համաձայնագրի եւ Գործընկերության առաջնահերթություններն ամրագրած փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի համակարգմամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հավանաբար մինչեւ ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչեւ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, արդեն ավարտել է վավերացման գործընթացը եւ հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում ԵՄ անդամ մյուս երկրներն էլ նույնկերպ կվարվեն:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համակարծիք է եղել Հանրապետության Նախագահի հետ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լավ են զարգանում: Անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նա նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միեւնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ։
Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ նրանց առաջարկություններին: