Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան
                    
                    
                    
                    Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծել առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը: 
Իր հերթին Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ: 
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորել երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: