26.11.2024
Ստամբուլահայությունը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Աթեշյանի
prev Նախորդ նորություն

Ո՞վ էր առաջին հայը, որ 400 տարի առաջ հաստատվեց ԱՄՆ-ում․ Հայկ Դեմոյանի ծավալուն աշխատանքը

Լույս է տեսել պ.գ.դ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» նոր մենագրությունը:


Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից, գիրքը նվիրված է առաջին հայի՝ Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը. 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանեց Վիրջինիա: Առաջին հայի ժամանումն ազդարարեց նաեւ հայ գաղթականների հոսքի մասին, գաղթականների, ովքեր իրենց հետ Նոր երկիր բերեցին սեփական սովորույթները, կենսակերպը, խոհանոցը եւ մտածելակերպը:


Նրանք ուսանողներ էին, արհեստավորներ, առեւտրականներ, հողագործներ, ովքեր եկել էին Ամերիկա՝ գոյատեւելու եւ հայրենիքում մնացած՝ շահագործման ու բռնության պայմաններում տառապող իրենց ընտանիքներին օգնելու մեծ հույսով:


620 էջանոց պատկերազարդ աշխատությունն ունի 2200 լուսանկար, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր եւ հազվագյուտ պատկերներ, որոնք ցույց են տալիս հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաեւ հայերի առավել նշանակալից ներդրումներն Ամերիկայում:


Հատորը ներառում է ՀՀ եւ ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: Գրքի գլուխները եւ նկարազարդումները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ ընդգրկելով 1618-ից մինչեւ 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը:


Այսօր հայերը եւ հայկական մշակույթի հետքերը տեսանելի են Ամերիկայի գրեթե բոլոր նահանգներում. հայ բժիշկները, ինժեներները, ճարտարապետները, դերասանները, կինոգործիչները, երգիչները, հաջողակ մտավորականներն ու գործարարները կամրջում են ԱՄՆ-ը եւ Հայաստանը ամուր հենասյուներով:


Այս հատորը հայ-ամերիկյան համայնքի ամբողջական պատմությունը ներկայացնելու առաջին փորձն է:


Այն նաեւ յուրահատուկ հարգանքի տուրք է Ամերիկայում հաստատված այն հայերի հիշատակին, ովքեր իրենց եռանդուն ջանքերն են գործադրել հայ-ամերիկյան կապերն ամրապնդելու գործում, եւ երախտագիտության տուրք նրանց հիշատակին, ովքեր տառապել են հայ ժողովրդի հետ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելիս՝ փրկելով եւ նոր հնարավորություն շնորհելով Հայոց ցեղասպանությունը եւ Մեծ երկրաշարժը վերապրած հարյուրավոր կյանքերի:


Գիրքը հրատարակվել է «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից:


«Այս գիրքն ԱՄՆ-ում գլոբալ հայերի եւ նրանց ազդեցության մասին է: Մեծ նախաձեռնություն՝ Հայկ Դեմոյանի կողմից: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրան եւ համագործակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ»,- նշում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը: