Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունումը և մեղադրել է Նիդեռլանդներին «իրավական նորմերին հակասող, անարդար ու սուբյեկտիվ» որոշում կայացնելու համար:
«Խստորեն դատապարտում ենք Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը: Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում, դեռ ցավը չմորմոքված ցեղասպանության վրա աչք փակող մի երկրի խորհրդարանի նման անհիմն որոշումը տեղ չունի ո՛չ պատմության, ո՛չ արդարադատության մեջ», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Բանաձևերն ընդունվել են 142 կողմ ձայներով:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում ընդուված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանությանն ճանաչումը։