Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթին, որում նա հայտարարում է, որ Երևանը «վերադարձնելը» Բաքվի ստրատեգիական նպատակն է, կոչ էր արելմնալ հավատարիմ բանակցային գործընթացին և զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից:
Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել այդ հայտարարությանը: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «մտահոգություն է առաջացնում այն, որ Ֆրանսիայի որոշ շրջաններ կապեր են հաստատում «անօրինական ռեժիմի» հետ՝ հակասելով Ֆրանսիայի ԱԳՆ և ՆԳՆ կանոնակարգին և երկրի կարգավիճակին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»: Այնուհետ հայտարարել, որ տարածաշրջանում իրավիճակի սրման միակ մեղավորը Հայաստանն է:
«Ֆրանսիան, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ավելի քան 25 տարի զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, գիտի, որ տարածաշրջանում լարվածության գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի «օկուպացիան» է», - Minval.az-ի հաղորդմամբ ասել է Հաջիևը:
Ավելի վաղ Ալիեւի հայտարարությանն ավելի կոնկրետ արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվայում, բնականաբար, տեսել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը՝ իշխող կուսակցության նիստին: Մենք քաջատեղյակ ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները ծայրահեղ լարված են: Հնչած հայտարարությունը հստակ չի նպաստում լարվածության թուլացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, որի կրկին արձագանքել էր պաշտոնական Բաքուն:
«Ադրբեջանի նախագահը չի հայտարարել պատմական հողերի վերադարձի մասին, այլ ասել է ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Ելույթը մի քանի լեզուներով է փոխառվել, տարածվել հարյուրավոր լրատվամիջոցներում, խեղաթյուրվել: Մենք կարծում ենք, որ ինչ-որ հարցի շուրջ կարծիք հայտնելիս արտաքին գերատեսչության ներկայացուցիչ մարմինը պետք է հստակ իմանա ինչից է խոսում, հիմնվի բնագրի, այլ ոչ փոխառությունների ու թարգմանությունների վրա», - ասել էր ադրբեջանական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ ելույթ ունենալիս, պատմել էր իրենց երկրի ստրատեգիական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ. «Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել էր Ալիեւը: