Հայ-ռուսական համագործակցություն անտառային հրդեհների դեմ պայքարում
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակը եւ Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Կրասնոյարսկի գիտական կենտրոն» դաշնային հետազոտական կենտրոնի անտառի ինստիտուտը կհամագործակցեն անտառային հրդեհների քարտեզագրման, մոդելավորման կառավարման ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մտադրությունների հուշագիրը կողմերը ստորագրել են դեռեւս 2017 թվականի դեկտեմբերի 25-ին:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի Արտակարգ թերթը, կողմերը պատրաստակամ են կազմակերպել համատեղ գիտաժողովներ, դասախոսների վերապատրաստման եւ որակի բարձրացման նպատակով փորձի փոխանակման այցեր, մշակել անտառային հրդեհների մասին տեղեկությունը՝ մոնիտորինգ, ռիսկի գնահատում, մոդելավորում, աջակցել իրար գիտական հոդվածների հրապարակման հարցում: Համագործակցության ուղղություններից մեկն էլ Հայաստանում անտառային հրդեհների կանխման եւ կառավարման համակարգի մշակումն է:
Համագործակցության մեկ ուղղություն էլ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների գործուղումն է «Կրասնոյարսկի գիտական կենտրոն» դաշնային հետազոտական կենտրոնի անտառի ինստիտուտ: Տարեկան մեկ կամ երկու ապագա մագիստրոս հնարավորություն կունենա անտառային հրդեհների կառավարման վերաբերյալ մագիստրական հետազոտությունը խորացնել, անտառի ինստիտուտում՝ տեղի մասնագետների ղեկավարությամբ: