25.11.2024
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2018 թ-ի հունվարին աճել է 10.2%-ով
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան

Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Թուրքիայի ղեկավար կազմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին արած հայտարարությունը շարունակում է արձագանք գտնել թուրք մտավորականների շրջանակում:

Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Ստեղծված իրադրությունում Հայաստանը որևէ մեղք չունի: Միակ մեղավորն Էրդողանն է: Արձանագրությունները ստորագրեց Գյուլը, ինչից հետո Էրդողանը գնաց Ադրբեջան և զրոյացրեց ամեն բան»,- ասաց Օրանը՝ նշելով, որ Էրդողանն այդպիսով չէր ցանկանում զայրացնել Ադրբեջանին, բացի այդ հասարակության շրջանում հետազոտությունները ցույց էին տվել, որ քվեներ է կորցնում:

«Դրանից հետո իրադրությունն ավելի վատացավ, քանի որ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի ճգնաժամից հետո Էրդողանի միակ նպատակը դարձել էր այդ սկանդալը կոծկելը: Որպես դա անելու միջոց նա ընտրեց երկրի ներսում և դրսում լարվածություն առաջացնելը»,- ընդգծեց թուրք պրոֆեսորը: Նա որպես օրինակ բերեց ներկայում Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները, ինչպես նաև Էգեյան ծովում գտնվող կղզիների հարցի շուրջ լարվածության բորբոքումը Հունաստանի հետ:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այս ամենի նպատակը լարվածություն առաջացնելը, ազգայնական զգացումներ հրահրելն է: Այս պարագայում Հայաստանը որևէ դերակատարություն չունի: Միակ խնդիրն այն է, որ Էրդողանը ցանկանում է, լարվածություն առաջացնելով, մնալ իշխանության ղեկին»,- ասաց Բասքըն Օրանը:

Նա նշեց, որ նույն տեսարանին ականատեսն եղան, երբ սկսվեց քրդական հաշտեցման գործընթացը, սակայն կարճ ժամանակ անց գործընթացը սառեցվեց, գործի դրվեց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը՝ նույնը, ինչը կատարվել էր 1937-1938 թվականներին: