VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն: Քաղաքապետարանը յուրաքանչյուր ընտանիքի տարեկան տրամադրել է միանվագ 10 300 դրամ, որը բաժանելով ամիսների՝ կկազմի շուրջ 860 դրամ: Ինչ սկզբունքով է Վանաձորի քաղաքապետարանը բաժանում այդ գումարը, քանի հոգու է բաժանում, ինչ նպատակով են զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ընտանիքները ծախսում սիմվոլիկ այդ գումարը, պարզել է ՀԺ-ն»:
Նույն թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։
«Հայկական ժամանակ»-ը Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյոք Գյումրիում մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում: «Գյումրեցիք էնքան թասիբով մարդիկ են, որ էդ մարմնավաճառը, բանը, լավ է գնան ուրիշ տեղ հաշվարկեն: Թող Երեւանի դարդը լան, հետո նոր անցնեն Գյումրուն: Գյումրիում ամոթ կա, մի քանի հոգի եթե լինեն էլ, դրանք հաստատ գյումրեցի չեն, կողքերից՝ չգիտեմ որտեղից են եկել: Գյումրու անուն այդ հարցերում կապել՝ ես համաձայն չեմ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ գիտի, որ մարմնավաճառները գյումրեցիներ չեն, Ղուկասյանն ասաց. «Ես գյումրեցիներին էնքան լավ գիտեմ: Ես Գյումրիում ամեն 3-րդ տունը ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում»: Դիտարկմանը, որ մարմնավաճառի ծառայությունները նույնիսկ երկու հազար դրամի շրջանակներում են մատուցվում եւ հարցին՝ արդյոք սոցիալական վիճակն այդքան ծանր է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով... Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»: ՀԺ-ի լրագրողի հարցին, թե մարմնավաճառի թասիբը ո՞րն է, Ղուկասյանն ասաց. «Շատ մի խորացի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները, սակայն այդ ամենն իր արտացոլումը չի գտել Հայաստանում: Շոկոլադ ներկրող ընկերությունները համառորեն չեն պատրաստվում նվազեցնել սակագները:
Մինչդեռ, նկատենք, 2013-2015թթ., երբ համաշխարհային շուկայում դեֆիցիտի պատճառով բարձրացան կակաոյի գները` հասնելով մեկ տոննայի դիմաց 3500 դոլարի, Հայաստանում եւս գնաճ սկսվեց. շոկոլադ ներկրող ընկերություններն իրենց քայլը պատճառաբանում էին հումքի թանկացմամբ: Թերթը պարզել է, որ այսօր շուկայում 1 տոննա կակաոն արժի 2076 դոլար: Իսկ տեղական արտադրողներից «Արկոլադ» ՓԲԸ տնօրեն Էմիլ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Այնպես չէ, որ ամեն բան միայն կակաոյի ցածր կամ բարձր գնով է պայմանավորված: Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք եւս իրենց ազդեցությունն ունեն շոկոլադի գնի վրա. շաքարի, կաթի փոշու, կաթի գները եւս մեծ ազդեցություն ունեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Վերջիններս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձեւավորվելիք կառավարությանը, եւ այդ ժամանակ կառաջանա դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր: Թե Զաքարյանը, թե Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ: Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում Գագիկ Ծառուկյանին «պաշտպանել» անցանկալի անձանցից եւ ինֆորմացիոն հոսքերից: Ուշագրավ է, որ դա նրանց հաջողվում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արեւելքում, նաեւ մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։ Մյունխենյան գագաթնաժողովից հետո գերմանական կողմը Բեռլինում «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանս է հրավիրել: Էլ առավել հետաքրքիր է կոնֆերանսին հայաստանյան մասնակցության ձեւաչափը. ՀՀԿ` Արմեն Աշոտյան, «Ելք»` Մանե Թանդիլյան: Այս «դուետը», հիշեցնենք, առաջին անգամ հանդես եկավ Բաքվում, հայտնի թեյախմության շրջանակներում, օրերս էլ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահների հետ, զրուցել ղարաբաղյան կարգավորումից: Այս «դուետն» էլ հենց առաջիկա օրերին կմասնակցի բեռլինյան կոնֆերանսին` ընդդիմության եւ իշխանության տեսակետները ԵՄ-Հայաստան հարեւանության մասին արտահայտելու «բարձր» առաքելությամբ»:
Նույն թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։ Արգամիչի «գահընկեց» արվելուց հետո սպասվում էր, որ նրա մերձավորներն արագ «կհետեւեն» նրան, եւ անգամ զարմանում էին, որ նրանք շարունակում են աշխատել։ Փաստորեն, մի քիչ ուշացած, բայց այդ կանխատեսումներն ի վերջո իրականություն դարձան։ Մամիկոնյանն իր կարիերան սկսել էր հարազատ Արտաշատից, որտեղ տարիներ շարունակ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ապահովում էր ընտրությունների ցանկալի արդյունքներ։ Երբ Հովիկ Աբրահամյանի դիրքերն սկսեցին սասանվել, Մամիկոնյանին Արտաշատից տեղափոխեցին մերձակա հարկայիններ, իսկ օրերս ազատել են համակարգից։
Հիշեցնենք, որ նրա եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը եւս հարկայինում է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անգամ կանոնավոր աշխատանքի չի գնում։ Իհարկե, Վարդան Մամիկոնյանը տեսական հույսեր կարող է ունենալ՝ այլ նշանակման, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կախված է միայն «տանիքի» ամրությունից։ Այլ նշանակումներ էլ են արվել ՊԵԿ-ում․ Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Արաբկիրի տեսչության պետ Ռուբեն Սարգիսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի ազգականը։ Իսկ Տավուշի հարկայինի պետ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Արաբկիրի հարկային տեսչության պետ։ Այստեղ էլ իր ծանրակշիռ լուման ունի նրա բարեկամ Սուրեն Կարայանը՝ էկոնոմիկայի նախարարը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի նոյեմբերին եւ համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից: Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենի տեղակալ: Այս ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ անմիջական կապ ունեն հենց նախարար Վահան Մարտիրոսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես Մարտիրոսյանը մինչեւ կառավարության անդամ դառնալը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է եղել: Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ ապրիլին ընդառաջ` վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ազատում է համակարգից, երեւի որպեսզի նոր վարչապետը չանի այդ քայլը»:
Թերթի նույն համարում ասվում է․ «Երեւանում երեկ անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հնչած ելույթներն ավելի շատ կենացների մակարդակի էին. կողմերը խոսքեր չէին խնայում` միմյանց սիրաշահելու համար, ներկայացնելով համագործակցության մասին վկայող զանազան ցուցանիշներ: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էլ հայտարարել է, թե ՀՀ կառավարության գործադրած ջանքերը նախադրյալներ են ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար: «Եվ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը»,- ասել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ վերջին տարիներին ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, ընդհակառակը, հանել է կապիտալը: Եվ սա միանգամայն հասկանալի պատճառներով. Հայաստանը ներդրումների համար այնքան էլ շահեկան երկիր չէ անգամ իր տնտեսական հիմնական գործընկեր ՌԴ-ի համար, որից մեծ կախվածության մեջ է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2016թ. ընթացքում ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն 26.2 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել: 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ էլ /տարեկան ցուցանիշները դեռ չեն ամփոփվել ու հրապարակվել/, ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն արտահոսք է եղել՝ 17.1 մլրդ դրամի չափով: Այնպես որ, իրավիճակը մտահոգիչ է, այլ ոչ թե ոգեւորիչ»:
«Առավոտ» թերթը գրում է. «Հիմա Մեծ պահքի շրջանն է, եւ ես երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնք չափից դուրս բծախնդիր են ու դոգմատիկ միայն մի խնդրում՝ ուտելիքի: Ամեն պահի իրենք հարցնում են իրենց ու ուրիշներին՝ իսկ սա կարելի՞ է, իսկ սա չի՞ կարելի, իսկ ոչի՞նչ, որ այս կարտոֆիլը դրված էր այս ձկան կողքին: Եվ այլն: Ինձ թվում է՝ նման մանրուքների վրա ընդհանրապես չարժե ժամանակ ու մտավոր էներգիա ծախսել: Առավել եւս՝ հետեւել մյուսներին՝ այ, դու այդ բանն ես անում, իսկ այս բանը չես անում, ուրեմն դու… Միայն դա էր պակաս, որ մենք այս հարցերում իրար համար քննիչ ու դատավոր դառնանք:
Պահքի ժամանակ եւ Պահքից դուրս կարեւորն այն է, որ մարդն ինքն իրեն տիրապետի, իսկ դա արվում է ոչ այնքան այս կամ այն բանը ուտելու կամ չուտելու մեջ, որքան մտքերը սանձելու մեջ՝ մարդուն ոչ հարիր, ոչ սազական մտքերի համար պատնեշներ ստեղծելով: Կարելի է ամիսներով կաղամբ ուտել ու լինել չար, նախանձ, անհանդուրժող: Ծեսերի կատարման դոգմատիզմը նույն անհանդուրժողականության դրսեւորումներից մեկն է: Վերջերս համացանցում հաճախ այսպիսի մի «իմաստության» եմ հանդիպում՝ իբր, ոչ մի աթեիստ ինքն իրեն չի պայթեցրել եւ այլ կրոնի դեմ արշավ չի կազմակերպել: Դա, մեղմ ասած, ոչ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը: Կային աթեիստներ, որոնք պայթեցնում էին եկեղեցիներն ու մզկիթները, հետապնդում էին հավատացյալներին ու հոգեւորականներին:
Ռուս բոլշեւիկներն, օրինակ, իրենց «մարտնչող աթեիստ» էին անվանում: Կան, իհարկե, աթեիստներ, որոնք հավատ չունեն, բայց հավատացողների վրա չեն հարձակվում: Ինչպես ասում են՝ Աստված նրանց օգնական: Խնդիրը, հետեւաբար, ոչ թե աթեիստ կամ հավատացյալ լինելն է, այլ դոգմատիկ, մարտնչող չլինելը: Մարտնչող քրիստոնյան, մահմեդականը կամ աթեիստը հավասարապես վտանգավոր են հասարակության համար: Բայց դա չի նշանակում, որ այդ կրոնները, ինչպես նաեւ այդ անհավատությունն ինքնին չարիք են: Եթե հնարավոր է պատկերացնել մարդու, որը բացի Մոցարտի գործերից, որեւէ այլ երաժշտություն չի ցանկանում լսել, ապա այդ մարդն էլ է, իմ կարծիքով, շեղված: Սակայն նման շեղված մարդիկ (եթե կան) չեն կարող նսեմացնել Մոցարտի հանճարը:
Դոգմատիզմի համար ամենապարարտ հողը, իհարկե, քաղաքականությունն է, կուսակցականությունը: Հայաստանում ես չեմ հանդիպել մի կուսակցականի, որը կընդունի, որ իր կուսակցությունը վերջին 10 կամ 20 տարվա ընթացքում որեւէ սխալ է գործել: Գնահատականի որեւէ երանգ, որը թույլ կտա մտածել, որ խոսողը ինչ-որ կասկածներ ունի «առաջնորդի» անսխալական եւ ամենագետ լինելու մեջ, ընդունվում է որպես սարսափելի վիրավորանք: Կուսակցականությունը ենթադրում է «քառակուսիություն»: Ի դեպ, ինչո՞ւ չկան մարտնչող բուդդիստներ»: