25.11.2024
Ոչ թե մենք, այլ ԵՄ-ն է 2013-ին հրաժարվել ՀՀ-ի ստորագրել Ասոցիացիայի պայմանագիրը. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Սարգսյանը Մյունխենում ադրբեջանցի պատվիրակին ասել է, թե երբ կլուծվի ԼՂ հակամարտությունը

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 17-ին՝ պատասխանելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի հարցերին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Ինչպես հայտնում են VERELQ-ին նախագահի մամուլի ծառայությունից, Սադի Ջաֆարովն իր խոսքում ոչ միայն հարցեր ուղղեց Հայաստանի՝ տարածաշրջանային էնէգետիկ-տրասնապորտային ծրագրերեից դուրս մնալու մասին, այլեւ պտնումներ կատարաեց՝ շեշտելով «ադրբեջանական տարածքների օկուպացիայի», «էթնիկական զտումների» մասին հայտնի թեզերը:


«Ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում մենք հիմա ունենք տարածաշրջանային զարգացման ծրագրեր, և նորմա՞լ է, որ Հայաստանը հիմա դուրս է այս ծրագրերից, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտի ծրագրերից», - սա Ջաֆարովի՝ Սարգսյանին ուղղված հարցն էր: Սակայն նա շարունակեց. «Եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանայաին ծրագրերից: Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիաժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն»:


Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց հարցերի համար եւ Ջավֆարովին անվանեց հայրենակից: «Շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել», - ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և «Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից»:


«Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը», - ընդգծեց Սարգսյանը:


Իսկ թե ինչու Ադրբեջանի «մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ», Սարգսյանի ձեւակերպմամբ, Ջաֆարովը դա շատ լավ գիտի: Այս համատեքստում նա կարճ ներկայացրեց հակամարտության առաջացման պատճառրները:


«Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի», - շեշտել է Սերժ Սարգսյանը:


Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե Բաքուն ցուցաբերի ողջախոհություն: «Խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար», - ասել է նա:


Սարսգայնի խոսքով, այժմ Հայաստանի խնդիրը միայն Ադրբեջանը չէ: «Մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ և այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ», - ասել է Սարգսյանը:


Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային կհաջողվի լուծել կամ օգնել կողմերին լուծել այս հիմնախնդիրը:


«Ես կարծում եմ` ավելի շուտ համոզված եմ, որ, իհարկե, այսպիսի քննարկումներ լինելու են մեկ տարի, երկու տարի հետո էլ, բայց եթե ես լինեմ այդպիսի քննարկման մասնակից, կհամոզվեմ և բարձրաձայն կասեմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերությունները շատ կառուցողական են դարձել, եթե այդ պարագայում նրանք լուծեին, օգնեին մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սա կլիներ շատ կարևոր հանգամանք: Ինչպես ասացի` սա երևի այն եզակի եզրերից մեկն է, որով զբաղվում են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը՝ ունենալով համանման ուղղություն: Սա կլիներ, իրոք, ապացույց` ապացույց ոչ միայն հայերի համար, ադրբեջանցիների համար, այլ ամբողջ աշխարհի», - եզրափակել է նա: