24.11.2024
Կառավարությունը կդառնա ավելի փակ ու պաշտպանված տարատեսակ երաշխիքներով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանն իրեն օժտում է միապետի իշխանությամբ, Արմեն Սարգսյանը՝ փոխում վիճակը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքով կարգավորվելու է ինչպես անվտանգության խորհրդի կազմավորման կարգը, այնպես էլ լիազորությունների շրջանակը: Օրենքի նախագծից երեւում է, որ նախագահ Սարգսյանը ցանկանում է ապագա վարչապետին, այսինքն՝ իրեն, վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք կերազեր ցանկացած նախագահական հանրապետության նախագահ, միապետ կամ նույնիսկ բռնապետ: Նա ցանկանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հետ կապված հարցերում ունենալ բացառիկ լիազորություններ: Սերժ Սարգսյանը ընտրել է նաեւ այն մարդկանց շրջանակը, որոնց հետ պատրաստվում է որոշումներ կայացնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձեւական, արարողակարգային կառույցի: Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերեւույթ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմեր: Առերեւույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես ամենեւին էլ քիչ չեն եւ շոշափում են նույնիսկ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի նշանակման տիրույթը: Սակայն ավելի հետաքրքիր է ոչ ֆորմալ կողմը՝ հատկապես նկատի առնելով այն, որ Հայաստանում կառավարումը ավելի ոչ ֆորմալ երեւույթ եւ գործընթաց է, ինչն էապես պայմանավորված է իշխանության ձեւավորման մեխանիզմով, որտեղ նախկինում հիմնական դերը կատարում էր ուժը, այժմ՝ փողը, ինչից էլ Հայաստանում ձեւավորվում է կապիտալի իշխանություն:


Ըստ այդմ, իշխանական կշիռը Հայաստանում որոշվում է կապիտալի կշռով, իշխանության սահմաններն ու գծերը որոշվում են կապիտալի սահմաններով ու գծերով: Իսկ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից ունի բավականին մեծ «լծակներ», եւ ավելին՝ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստան ներդրումներ ներգրավելու, ասել է թե՝ իր լծակներն ընդլայնելու համար: Խնդիրն այստեղ այն չէ, որ այդպիսով Սարգսյանը կփորձի ավելացնել իր հանրային կշիռը եւ ըստ այդմ՝ դարձնել այն իր պաշտպանական ամրություններից մեկը: Դա իհարկե ունի իր դերը, սակայն ներդրումների ներգրավումը Արմեն Սարգսյանի համար ունի անշուշտ այլ նպատակ՝ որքան շատ լինեն նրա ներգրաված ներդրումները, այնքան շատ կարող է լինել նրա կշիռն ու ազդեցությունը Հայաստանի համակարգային խաղում:


Այստեղ է ձեւավորվում Սարգսյանի նախագահական իշխանությունը. ամեն ինչ առավել քան պարզ է: Նաեւ դրանով է, որ Արմեն Սարգսյանն առանցքային կերպով տարբերվում է հնարավոր բոլոր մյուս թեկնածուներից, որոնց կարող էր առաջադրել Սերժ Սարգսյանը: Նրանց դեպքում նախագահական պաշտոնն իսկապես կվերածվեր արարողակարգի, ու ոչ այն պատճառով, որ ֆորմալ այդպես է, այլ որովհետեւ խոշոր հաշվով ցանկացած պաշտոն կախված է նաեւ այն զբաղեցնողից:


Միեւնույն ժամանակ հենց այս առումով է առաջադրումը դառնում հետաքրքիր, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը փաստորեն չցանկացավ, որ նախագահի պաշտոնը վերածվի արարողակարգայինի: Ինչո՞ւ: Զուտ Արմեն Սարգսյանին, այսպես ասած, ներդրումներ ներգրավելու հարցում մոտիվացնելու եւ դրանով նաեւ սոցիալ-տնտեսական լարվածության մեղմացման, նաեւ համակարգի արտաքին լեգիտիմության լրացուցիչ կամ հավելյալ միջոց ապահովելո՞ւ համար, թե՞ առավել խորքային ու ընդգրկուն քաղաքական սխեմաների»:


«Իրատես» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ: Այդ ծանր առաքելությունը հիմնականում ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի «փխրուն» ուսերին է, որը «նոն-ստոպ» ելումուտ է անում աշխարհի, իրականում` «Յուրոփի» դռներով, որ մինչեւ մայիս-հունիս ապահովվի համաձայնագրի վավերացման սրբազան գործընթացը: Օրերս նա Բրյուսելում էր` քառօրյա այցով, ուր հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահի, ԵԺԿ-ի, Եվրանեստի ներկայացուցիչների հետ:


Մեր տեղեկություններով` այցի նրբություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար կարեւորվեն ԵՄ համաձայնագրում տեղ գտած ղարաբաղյան արձանագրումները, որոնք ոչ միայն հակամարտության կարգավորման, այլեւ Ղարաբաղի ապագա ճանաչման մատրիցան են կրում: «Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019-ի ընտրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինք»-Արմեն Սարգսյան հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ։ Պատճառը Ծառուկյանի բացակայությունն է Հայաստանից։ Բայց չէ՞ որ 2 օր առաջ եկել էր Գերմանիայից՝ հարցրինք ԲՀԿ-ական մեր աղբյուրին: «Այո, եկել էր, սակայն նորից մեկնեց. այս ընթացքում 2 անգամ եկավ եւ հետ վերադարձավ»: Իսկ հնարավո՞ր է դաշինքն ու նրա առաջնորդը դրանով ինչ-որ բան են հասկացնում ապագա նախագահին։ «Երբեք, պարոն Ծառուկյանն այնտեղ շտապ գործեր ուներ»:


Իսկ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքն Ա. Սարգսյանի նկատմամբ, ինչպե՞ս կքվեարկեք նախագահի թեկնածությունը: «Մասնավոր զրույցներում պարոն Ծառուկյանն ասել է, որ առանձնապես վատ չի վերաբերվում նրան, ասել է նաեւ, որ մանակրկիտ քննարկում է լինելու ֆրակցիայում այդ առնչությամբ. հատ-հատ լսելու է բոլորին, նոր եզրակացություն անի»: Իսկ մեր տեղեկություններով, ասել է` քվեարկությունն ազատ է լինելու, ապահովեք անհրաժեշտ 14 ձայնը, մյուսներն ինչպես ցանկանան, այնպես թող քվեարկեն, որպեսզի ուժերի բալանսը լրիվ չգնա Ա. Սարգսյանի կողմը, եւ նա հասկանա «ով ով է» խորհրդարանում: «Չեմ կարող որեւէ բան ասել. պետք է սպասել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույցում» 210 անձ է ներառվել՝ այդ թվում հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը եւ Սերգեյ Գալիցկին:


Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ցանկը նախազգուշական է: «Այն հոգեբանական որոշակի պրեսինգի նպատակ ունի: Այսինքն՝ ցույց տալ, որ բոլոր մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ ցուցակում, ուղղակիորեն կապված լինելով Վ. Պուտինի վարչախմբի հետ, փորձեն հնարավորինս վերանայել իրենց գործունեությունն ու մոտեցումները: Այդ մարդիկ այժմ նման են շարժվող թիրախների: Թեեւ նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում, բայց ցանկացած պահի կարող են վերածվել թիրախի, որոնց հանդեպ կարող են կիրառվել այդ սանկցիաները՝ սկսած ԱՄՆ մուտքի արգելքից, վերջացրած ակտիվների սառեցմամբ: Այդ թվում կարող են խնդիրներ լինել արեւմտյան բանկային եւ վարկային ռեսուրսների մատչելիության առումով: Կարող են արգելել իրենց հետ առհասարակ գործարքներ կնքել: Իսկ եթե սանկցիաներից հետո գործընկեր կազմակերպությունները նրանց հետ գործ ունենան, իրենք եւս պատժամիջոցների կենթարկվեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:


Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե վերոնշյալը որքանով կազդի ՀՀ–ի վրա. «Բայց պարզ է, որ ՀՀ–ի տնտեսությունը, իշխանությունները բավականին սերտաճած են ՌԴ–ի որոշ տնտեսական շրջանակների հետ: Այդ ցուցակում գտնվող որոշ տնտեսվարողների, օլիգարխների գործունեության նկատմամբ եւս հետաքրքրություններ ունեն: Կան մարդիկ, ովքեր ծրագրում են ՀՀ–ում ներդրումներ իրականացնել: Եթե սանկցիաներ եւ կապիտալի սառեցում լինի, եւ նրանք ֆինանսական ռեսուրսների պակաս զգան, բնականաբար, այդ փաստն իր ազդեցությունը կունենա»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետը, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձում է ստվերել Ավշարի Գրիգորյան եղբայրների հեղինակությունը: Նա հետեւում է դաշնակամետ եղբայրների աշխատաոճին եւ երբ այնտեղ վրիպակներ է նկատում հանրապետականների նկատմամբ, անձամբ տեղեկացնում է ուր որ հարկն է: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տեղեկացումը թանկ է նստում Գրիգորյան եղբայրների վրա, նրանք ստիպված փորձում են սեփական ոճով քավել իրենց մեղքը: Գրիգորյանները ներդրումներ են կատարում համապատասխան ՀՀԿ-ական կառույցներում եւ փորձում են իրենցից դժգոհողներին այդ ձեւով լռեցնել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համարվում է ամենակոռումպացված չինովնիկներից մեկը: Նա այս կոչումը վաստակել է երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իր կայացրած վիճահարույց որոշումների արդյունքում: Նախարար Արտեմ Ասատրյանը հիմա էլ որոշել է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացում, այսպես ասած, միջազգային ստանդարտներ ապահովելու համար` ներդնել նոր չափանիշներ եւ ըստ այդմ անցկացնել նոր մրցույթ:


Բայց այս քայլին գնացել է ոչ թե բարեփոխումներ իրականացնելու մղումով, այլ` դասընկերոջ` Հունան Հունանյանի ղեկավարած «Սատար» ընկերությանը պրոթեզավորման ոլորտում գործունեության իրավունք տալու համար: Ասել է, թե նախարարը պաշտոնական դիրքն օգտագործում է մտերիմներին պատկանող ընկերության բիզնեսին աջակցելու համար: Ընդ որում, Ասատրյանը սա անում է ոլորտի մյուս ընկերությունների հաշվին: Մասնավորապես, գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի «OTTO-BOCK» ընկերության ՀՀ-ում միակ ներկայացուցիչը` «Ինտեր Գթո» ՍՊԸ-ն 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին եւ համարվում է բարձր որակի ծառայություն մատուցող: Բավական է միայն նշել, որ այս ընկերության ծառայություններից տարիներ շարունակ օգտվել են նաեւ արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած բարձրաստիճան զինվորականները` ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին զինկոմ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը եւ այլք:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գերմանական այս ընկերությունում է պրոթեզավորվել նույն «Սատար» ընկերության տնօրեն Հունան Հունանյանը, որը հանձն է առել այլոց պրոթեզները սարքել: Հետաքրքիր է, թե ինչու նա իր պրոթեզարանում սեփական պրոթեզի հարցերը չի լուծել: Եւ հիմա «Ինտեր Գթո» ընկերությունը հայտնվել է ոլորտից դուրս մղվելու վտանգի առաջ: Մեկ փաստ էլ. «Ինտեր Գթո» ընկերությունը մասնաճյուղ ունի նաեւ աղետի գոտում` Գյումրիում, եւ եթե այն փակվի, Շիրակի մարզի հաշմանդամները ստիպված են լինելու երկար ճանապարհ կտրել` Երեւան գալու եւ այստեղ իրենց պրոթեզների խնդիրները հոգալու համար»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը: ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն:


Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ: Ի դեպ, ՊԵԿ-ի Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախխկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ: Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե ոչ»: