24.11.2024
Քրդերը հատուկ գործողություն են իրականացրել Աֆրինում թուրք զինվորականների դեմ
prev Նախորդ նորություն

Իսրայել-ՌԴ փոխգործակցությունը խիստ կիրառելի օրինակ պետք է լինի Հայաստանի համար. արևելագետ

Իսրայելի և Ռուսաստանի հարաբերությունները, հաշվի առնելով անգամ կողմերի միջև մի շարք խնդիրների առկայությունը, կարելի է բնութագրել որպես գործընկերային՝ չնայած այն հանգամանքը, որ Թել Ավիվը հանդիսանում է Մոսկվայի թիվ մեկ աշխարհաքաղաքական մրցակցի՝ Վաշինգթոնի առանցքային դաշնակիցներից մեկը: Մինչդեռ այդ իրողությունը ոչ թե վնասում, այլ առանձին իրավիճակներում, բազմաթիվ խնդիրների առնչությամբ անգամ նպաստում է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը: Այս մասին հայտարարել է արևելագետ Արմեն Պետրոսյանը:


Նա մատնանշում է սիրիական հակամարտության շրջանակներում Մոսկվայի և Թել Ավիվի միջև փոխադարձ շահերի ճանաչման, համագործակցության օրինակը:


«2015 թ. հոկտեմբերից ցայժմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն 7 այց է կատարել Ռուսաստան, իսկ ընդհանուր առմամբ, երկու երկրների առաջնորդների հանդիպումների և հեռախոսազրույցների թիվը հասնում է շուրջ 2 տասնյակի: Կասկածից վեր է՝ ընդամենը 2,5 տարվա ընթացքում անգամ դաշնակից երկրների առաջնորդների միջև նման սերտ շփումները խիստ հազվադեպ են: Նույն ժամանակահատվածում Նեթանյահուի հանդիպումների ու հեռախոսազրույցների թիվը դաշնակից ԱՄՆ-ի նախագահների հետ հազիվ թե անցնի մեկ տասնյակից»,- մատնանշում է Պետրոսյանը:


Այդուհանդերձ, շարունակում է նա, Թել Ավիվն այսօր ունի աննախադեպ բարձր մակարդակի դաշնակցային հարաբերություններ Վաշինգթոնի և բավական բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ Մոսկվայի հետ: Իսրայել-Ռուսաստան հարաբերությունների ձևաչափում Թել Ավիվին անգամ հաջողվել է հասնել այնպիսի արդյունքի, որ Մոսկվան, բնականաբար նաև սեփական շահերի համատեքստում, փաստացի հրաժարվել է միջամտել Սիրիայի տարածքում Իսրայել-սիրիական վարչակարգ, Իսրայել-Իրան, Իսրայել-Հիզբալլահ հակամարտություններին՝ ըմբռնելով և ընդունելով դերակատարներից յուրաքանչյուրի շահերը և դրանց առարկայացմանն ուղղված տարաբնույթ գործողություններն, իհարկե որոշակի սահմաններում:


Եվ այս օրինակը ուսանելի է, ըստ փորձագետի, նաև Հայաստանի համար.


«Իսրայել-Ռուսաստան փոխգործակցության վերոնշյալ իրողությունը տիպաբանական առումով խիստ կիրառելի օրինակ է նաև Հայաստանի համար՝ սեփական շահերն առարկայացնելու և մարտահրավերներին դիմակայելու առումով: Ասել է, թե, եթե առկա են հստակ, փաստարկված շահեր, դրանց առարկայացմանը միտված անհրաժեշտ ծրագրեր և ռեսուրսներ, մեծ աշխատասիրության և նպատակաուղղված ջանքերի արդյունքում հնարավոր է հասնել լավագույն արդյունքների՝ համադրելով անգամ աշխարհում և տարածաշրջանում առկա հարաբերությունների և հիմնախնդիրների դիրքային հարաբերակցության այնպիսի իրողություններ, ինչպիսին են՝ ԱՄՆ,ԵՄ-ՌԴ մրցակցության, Արևմուտք-Իրան բազմաշերտ հիմնախնդիրների, ՌԴ-Իրան մրցակցության, Ռուսաստան-Թուրքիա փոխգործակցության, Ռուսաստան-Ադրբեջան գործընկերության, Իրան-Ադրբեջան գործընկերության, Թուրքիա-Ադրբեջան դաշնակցության և այլ հարաբերակցային ձևաչափերը»,- facebook-յան իր էջում գրառել է Պետրոսյանը, հավելելով.


«Արտաքուստ խիստ խճճված, անգամ թնջուկային թվացող իրողություններն, այդուհանդերձ, բազմաթիվ հարթություններում Երևանի համար նաև ակտիվորեն մանևրելու և սեփական շահերն առարկայացնելու լայն հնարավորություններ են ընձեռում, որի ուղղությամբ հաջողությունն այլընտրանք չունի՝ իհարկե, կրկնվե՜մ,բացառապես ստեղծագործ, լայնախոհ, պետականամետ մոտեցման, անսասան կամքի և անձնվեր աշխատասիրության համադրությամբ»: