24.11.2024
2.400 մարդ՝ 1 ժամվա ընթացքում. Լոռու մարզում կկառուցվի 8 կմ երկարությամբ ճոպանուղի
prev Նախորդ նորություն

Իշխանության գերկենտրոնացում․ վարչապետին «պատվաստվում» են նախագահի գործառույթները

Թեպետ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը բացատրվում էր պետական ինստիտուտների կայացման ու նրանց աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ, սակայն շրջանառության մեջ դրվող օրինագծերով կյանքի են կոչվում ընդհանրապես այլ նպատակներ։


Կառավարության աշխատանքը խորհրդարանական կառավարման համակարգում դառնում է ավելի փակ, անցկացվելու են միայն դռնփակ նիստեր։ Մյուս կողմից, թեև դեռ պաշտոնապես չի հայտարարվել, թե ով է լինելու Հայաստանի վարչապետն այս տարվա ապրիլից հետո, սակայն շրջանառության մեջ դրվող օրենսդրական մի շարք փոփոխություններով արդեն իսկ ամեն ինչ արվում է երկրի ապագա վարչապետին առավելագույն իշխանությամբ և լիազորություններով օժտելու համար:


Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Այն օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները, նախարարը նշեց նաեւ, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:


Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Մինչ օրս Հայաստանի կառավարության նիստեը դռնբաց են եղել, բացառությամբ գաղտնի հարցերի քննարկման գործընթացից, գրում է armtimes.com-ը:


Այս օրինագծով նիստերի հրապարակայնության ապահովման բոլոր լիազորությունները վերապահված են միայն ու միայն վարչապետին։ Երկրի վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:


Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:


Մյուս կողմից, ապագա վարչապետին օժտում են առավելագույն իշխանությամբ՝ վերջինիս ենթակայության տակ դնելով ուժային կառույցենրը, որոնք մինչ օրս կառավարությանն առընթեր մարմիններ էին եւ ենթարկվում էին ուղիղ նախագահին։


Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծի ընդունման դեպքում երկրի կարևորագույն գերատեսչությունները՝ ի դեմս ուժային չորս կառույցների, այսուհետ լինելու են բացառապես մեկ հոգու՝ վարչապետի ենթակայության ներքո, գրում է Factor.am-ը:


Մինչ այս կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակ ունեցող ուժային կառույցների համար կստեղծվի նոր «Վարչապետին ենթակա մարմնի» կարգավիճակ: Նոր օրինագծով՝ «վարչապետի ենթակայության մարմինները լինելու են Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը: Այսպիսով, եթե նախկինում ունեինք կառավարությանը հաշվետու ուժային կառույցներ, այսուհետ ունենալու ենք մեկ անձի՝ վարչապետին հաշվետու ուժայիններ:


Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ այս փոփոխությունները փաստում են այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել ստանձնել վարչապետի պաշտոնը: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, սակայն, ընդգծում է՝ այսպես թե այնպես, ուժային կառույցներն արդեն 10 տարի է՝ ենթարկվում են Սերժ Սարգսյանին և այս օրինագծով առաջարկվող փոփոխությամբ, ըստ էության, ոչինչ չի փոխվելու: ԱԱԾ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ևս նկատում է՝ այժմ օրինականացվում է այն, ինչը փաստացի գոյություն է ունեցել:


Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջարկվող փոփոխությունները բացատրում է՝ նշելով, որ կառավարությանն առնընթեր մարմիններն այլևս գոյություն ունենալ չեն կարող։


«Սահամանդրությամբ ասվում է, որ պետական կառավարման մարմինների համակարգը բաղկացած է նախարարություններից, վարչապետին, կառավարությանը և նախարարներին ենթակա մարմիններից: Հստակ այդ օրենքը սահմանում է, թե վարչապետին ենթակա ինչպիսին մարմիններ պիտի գործեն, կառավարության ենթակա ինչպիսի մարմիններ կարող են գործել: Անկախ ամեն հանգամանքից վարչապետն է քաղաքական պատասխանատվություն կրում ուժային մարմինների գործունեության համար, անձնավորված քաղաքական պատասխանատվություն է կրում, մյուս դեպքում՝ կառավարությունն է կրում», - նշում է Թովմասյանը՝ հավելելով, որ այն դեպքում, երբ դրանք նախարարության կառուցվածքում են, նախարարներն են կրում:


Սրանով են պայմանավորված այդ բաժանումները, նշում է Թովմասյանն ու հավելում, որ կատարվող փոփոխություններում որեւէ տարօրինակ երեւույթ չկա։ «Նույնիսկ պառլամենտական երկրներ կան, որտեղ վարչապետը միաժամանակ ներքին գործերի նախարար է կամ արտաքին գործերի նախարար, այսինքն՝ այն երկրներում, որտեղ թույլատրվում է նման համատեղումը, կարող ենք հանդիպել անգամ այդ երևույթներին», - եզրափակում է նա:


Ստացվում է, որ կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի, ըստ էության, ոչինչ չի փոխում և նախագահի այսօրվա լիազորություններն առավել ընդլայնված ու օրենքով ամրագրված՝ ացնելու են ապագա վարչապետին։ Վարչապետին են վերապահվում նախագահի ու կառավարության դեկավարի գործառույթները՝ այս կերպ ապահովելով իշխանության գերկենտրոնացում։ Իսկ այդ իշխանության աշխատանքը դառնալու է ավելի փակ ու ոչ թափանցիկ։