24.11.2024
Մամուլ. ուժային կառույցները դրվում են վարչապետի ենթակայության տակ․ ակա՞ն, թե՞ հենարան
prev Նախորդ նորություն

2.400 մարդ՝ 1 ժամվա ընթացքում. Լոռու մարզում կկառուցվի 8 կմ երկարությամբ ճոպանուղի

Շահումյանում այս տարի կմեկնարկի 8 կմ երկարությամբ ճոպանուղու կառուցումը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ծրագիրը նախագծման փուլում է:


Նախագծային աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել երկու ամսվա ընթացքում: Բուն շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա հուլիս-օգոստոսին: Ճոպանուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 9 ամսվա ընթացքում: Մարզպետի խոսքով՝ ի սկզբանե Վանաձորւմ նախատեսված ճոպանուղու կառուցման հարցը տեղափոխվել է Շահումյան մի քանի պատճառով. Շահումյանում ձյան տեւողությունն ավելի երկար է, քան Վանաձորում, եւ սահուղին Շահումյանում կլինի 8 կմ, Վանաձորում նախատեսված էր մոտ 4 կմ: 


Ուստի վանաձորի նախկին ճոպանուղու տարածքն, ըստ փորձագետների եզրակացության, բարենպաստ չի եղել ձմեռային հանգստի գոտու կառուցման համար, այդ իսկ պատճառով հետազոտությունների արդյունքում ընտրվել է վերոնշյալ տարածքը, հայտնել էր armtimes.com-ը:


Կառուցվելիք ճոպանուղին մեկ ժամվա ընթացքում կտեղափոխի 2.400 մարդ:Այն կլինի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին: Ամբողջական ծրագիրը կավարտվի 2020թ.-ին:


Զուգահեռաբար կկառուցվեն նաև ձմեռային սահուղիներ, հանգստի գոտիներ, երկու հյուրանոց և երկու ռեստորան: Մայմեխի լանջին 150 հեկտար հողատարածք կհատկացվի ճոպանուղու, երկու հյուրանոցի ու երկու ռեստորանի կառուցման համար:


«Ներկայում նախագծանախահաշվային աշխատանքներ են ընթանում: Այս տարի շինարարությունն անպայման սկսվելու է»,- նշել է Արթուր Նալբանդյանը:


Այս ծրագիրը, սակայն, ըստ մարզ ղեկավարի, կհանգեցնի մեկ ուրիշ խնդրի. ճոպանուղին շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի միայն առաջին փուլում`բացման օրվա համար օրական 3500 մարդու համար հյուրանոցային պայմաններ ապահովել, ինչը ներկա դրությամբ մարզի կտրվածքով հնարավոր չէ: Այդ պատճառով պետք է աշխատանքներ տարվեն այլ ներդրողների հետ՝ սպասարկման ոլորտը, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով:


«Աշխատանքները պետք է սկսենք հենց այսօրվանից, որպեսզի ծրագրի ավարտին զբոսաշրջիկներին հնարավոր լինի պատշաճ կերպով ընդունել»,-ասել է մարզպետը և հավելել, որ հյուրանոցային տնտեսության զարգացման հիմնական պատասխանատուն Վանաձոր համայնքը կլինի: Ու թեև ճոպանուղին կկառուցվի Վանաձորի վարչական սահմաններից դուրս, ծրագիրը կդիտարկվի մարզկենտրոնի զարգացման ծրագրերի համատեքստում:


Այս պահի դրությամբ թե ներդրողների ու թե սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում: Ներդրողներն արդեն իսկ կան, քննարկումներ են արվել: Ճոպանուղու նախագծի մշակումը պատվիրվել է կանադացի մասնագետներին. «Նախագիծը պատրաստ լինելուց 9 ամիս անց ճոպանուղին պատրաստ կլինի: Այս պահի դրությամբ միայն նախագիծն է պատվիրված: Հայտնի է նաեւ, որ աշխատանքների ժամանակահատվածը 9 ամիս է»,- ավելի վաղ հայտնել էր Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը: