Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել. Քերոլայն Քոքս
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը տեսաուղերձ է հրապարակել՝ ողջունելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելը:
«Գերազանց լուր լսեցի այն մասին, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի գործող դեսպան Արմեն Սարգսյանը հրավիրվել է՝ առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնում: Անչափ ուրախ եմ: Ես Սարգսյանին հանդիպել եմ շատ տարիներ առաջ, երբ նա Հայաստանի վարչապետն էր: Նա երեք անգամ Մեծ Բրիտանիայում եղել է Հայաստանի դեսպանը: Սարգսյանն ունի հրաշալի փորձ ու գիտելիքներ և շատ բան կարող է անել շնորհիվ իր դիվանագիտական հմտությունների, վերլուծական կարողությունների, հարաբերությունների: Նա հրաշալի դեսպան է եղել Հայաստանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսաուղերձում նշել է բարոնուհի Քոքսը:
Նա հավելել է, որ ուրախ կլինի Արմեն Սարգսյանին տեսնելու Հայաստանի նախագահի պաշտոնում:
Հունվարի 19-ին Բաղրամյան 26-ում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընդգծել էր, որ որոշում ընդունելուց առաջ կցանկանար հանդիպել և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդրանական կուսակցություններին, թեև գործող նախագահ Սերժ Սարգսյանը իր խոսքում կարևորել էր խորհրդարանական ուժերի հետ հանդիպելու անհրաժեշտությունը։