Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ սա շատ լավ հարթակ է, որտեղ դու կարող ես մտքեր փոխանակել, քո գաղափարներն առաջարկել, նաև լսել մյուսներին: Դա, կարծում եմ, գալիս է մեր այն նպատակից, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգանալուն, պետք է վերացնենք: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք, կարծում եմ, բավականին ամբիցիոզ բարեփոխումների ծրագիր ենք ձևակերպել, և 2017 թվականին որոշ մասը դրանցից կատարել ենք՝ լինի մաքսային, հարկային, պետություն-բիզնես շփում, սահմանի անցում, ավելացված արժեքի հարկի վերադարձ, թե այլ խոչընդոտներ, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրում, շուկաների բացում: Կարծում եմ՝ դրա մեջ դեր է խաղացել ընդհանուր միջազգային ակտիվության գործոնը»,- նշել է նա:
Անդրադառնալով իր հանդիպումների օրակարգին, Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ շատ հեռանկարային հանդիպումներ է ունեցել և դեռես կունենա՝ օրակարգը դեռևս սպառված չէ:
«Բոլոր հանդիպումներն էլ կարևորում եմ, որովհետև օրակարգը ձևավորվել է թե մեր, թե մյուս կողմի նախաձեռնությամբ: Հենց հիմա հանդիպել ենք UNDP-ի հետ, որտեղ խոսում ենք թե ընդհանրապես ինչ չափորոշիչներով, ինչ գաղափարներով պետք է աշխարհն առաջ շարժվի և, ինչպես գիտեք, մենք առաջին երկիրն ենք, որտեղ UNDP-ն ստեղծել է համապատասխան լաբորատորիա պետության հետ համատեղ: Հուլիսին մենք պետք է հաշվետվություն տանք ՄԱԿ-ի առջև, որտեղ ֆիքսելու ենք, թե մենք ինչ ենք արել: Մենք առաջարկել ենք նրանց, որպեսզի շատ համարձակ մտնեն Հայաստանի տարածք. մենք ներկայացնում ենք մեր պատկերացրած ռեֆորմները, իրենք առաջարկելու են իրենցը:
Վարչապետների հետ հանդիպումները նույնպես հեռանկարային են, որտեղ խոսում ենք հնարավոր երկկողմ զարգացումների հեռանկարների, ինչպես նաև բիզնեսի մասին: Շատ բիզնեսների ներկայցուցիչների հետ հանդիպումներ կան, որոնք չնախատեսված են: Այդտեղ նախաձեռնողներն իրենք են եղել, լսել են այն հնարավոր աճի մասին, որը մենք սպասում ենք, ակտիվության մասին, և նաև մենք ենք փորձում իրենց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մեր երկիրը: Շատ հստակ մի բան կա, որը բոլորն ընդունում են, որ լինելով փոքր երկիր՝ ունենք բավական հետաքրքիր հնարավորություններ և արտոնյալ առևտրային ռեժիմներ՝ լինի դա ԵԱՏՄ-ն, որի անդամն ենք, ԵՄ-ն, որի հետ ունենք GSP+ ռեժիմ, լինեն Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան: Մենք նման ռեժիմի մասին նաև խոսել ենք Սինգապուրի հետ՝ երկկողմանի հարկերի ազատման մասին, և շատ ինտենսիվ շարունակելու ենք այդ ծրագրերը հետագայում, որովհետև դա վերացնում է այն խոչընդոտները, որոնք կան, և կարծում եմ՝ մենք կունենանք արդյունքներ: Բայց մենք պետք է չհոգնենք, հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար, պետք է մեզ ներկայացնենք, որպեսզի այդ հետաքրքրությունն առաջանա: Դա հենց այնպես չի առաջանա: Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու»,- հավելել է նա: