26.11.2024
Վրաստանի ԶՈւ ուժեղացումն ԱՄՆ–ում դիտվում է ՌԴ–ին «վնասելու» հնարավորություն. փորձագետ
prev Նախորդ նորություն

Հակամարտությունների կարգավորման հարցում իրավասու են միջազգային մանդատ ունեցող կառույցները

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը:


«Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք: Ուրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց և արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը:


Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին ևս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակցությամբ։


Իհարկե, քննարկեցինք նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։


Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման և նրանց միջև «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը:


Ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը և բարձր պահել կազմակերպության հեղինակությունը: Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսությունն է, և այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության և միասնականնության ապահովման նպատակով»,- մասնավորապես հայտարարել է երկրի ղեկավարը։