25.11.2024
ԼՂ հակամարատությունը սառեցված չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ. Մկարոնը՝ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Արցախը հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը. ՀՀ նախագահ

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ:  


Իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերը միշտ եղել են Հայաստանի կողքին և կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում են կարևոր հարցերում, այդ թվում նաև՝ ժողովրդավարության և բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում: 


Նախագահը գոհունակություն է հայտնել, որ հայ-ֆրանսիական բարեկամական ոգուն համահունչ՝ խորհրդարանական համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Նա հույս է հայտնել, որ այդպես կլինի նաև հետայսու:   


Կարևորելով անցած 2017 թվականը թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար, նախագահը նշեց, որ 2017 թվականին ստորագրվեց նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա, նրա խոսքով, Հայաստանի համար առաջին հերթին նշանակում է, որ մեր պետությունը, հայ ժողովուրդն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս՝ հավատարիմ իր ակունքներին, իր դավանանքին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին:


Նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին.


«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից և այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը: Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Եվ այս առումով նույնպես ի դեմս ձեզ շատ կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել»,- ասել է նա:


Այդ համատեքստում նա մեծապես կարևորել է նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը. «Հետևելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»,- շեշտել է երկրի ղեկավարը:


Իր ելույթը Սերժ Սարգսյանն եզրափակել է, հույս հայտնելով, որ բարեկամական խմբերի ներկայացուցիչները  կշարունակեն խորացնել արդյունավետ համագործակցությունը հայ գործընկերների հետ, կշարունակեն այցելել Հայաստան և Արցախ, տեղեկանալ մեր անցուդարձին՝ այդպիսով օբյեկտիվ տեղեկատվություն տարածելով ի շահ մեր երկրների, ի նպաստ եվրոպական ժողովրդավարության, մարդասիրության և խաղաղության:  


Իր հերթին Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը ելույթում ասել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բազմադարյա են, ունեն փառավոր էջեր, բայց նաև սև էջեր, բայց այսօր երկու երկրների միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստում հատկապես կարևոր է շեշտը դնել տնտեսական բաղադրիչի վրա.


«Հունիս ամսին մենք մտադիր ենք ֆրանսիական պատգամավորական պատվիրակություն բերել Հայաստան: Մեր այցի ծրագիրը դեռևս մշակման ընթացքում է, բայց նախատեսում ենք ներառել մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, այդ թվում` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարությանը: Կուզենայինք ինչ-որ կերպ նպաստել Հայաստանում ներդրումների խրախուսմանը: Մենք կուզենայինք նաև փորձի փոխանակում իրականացնել սահմանադրական գործընթացների և սահմանադրական նորմերի կիրառման հետ կապված երկու երկրների խորհրդարանականների միջև քննարկումների անցկացմամբ»,- շեշտել է նա: