24.11.2024
Երեւանը սովորելու շատ բան ունի Փարիզից. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում
prev Նախորդ նորություն

Փարիզում սեպտեմբերին Թումո կենտրոն կբացվի. քաղաքապետ

Փարիզում սեպտեմբերին Թումո կենտրոն կբացվի: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Փարիզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:


Քաղաքապետը պատմել է, որ ինքը 2016թ.-ին այցելելով Հայաստան տպավորվել է Թումո կենտրոնով եւ վերադառնալով Ֆրանսիա՝ նախաձեռնել նման կենտրոն բացել Փարիզում ապրող երիտասարդների համար:


«Այդ կապակցությամբ համագործակցում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Թումոյի հետ Փարիզում նույնպես նման կենտրոն ունենալու համար»,- ասել է Փարիզի քաղաքապետը:


Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան էր ժամանել 2016թ. հոկտեմբերի 7-9-ը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարությունների շրջանակներում: Փարիզի քաղաքապետն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Հետագայում նա նշել է, որ խորապես տպավորված է այցից եւ շեշտել, որ Փարիզը կարող է ոչ միայն տալ Հայաստանին եւ Երեւանին, այլ նաեւ սովորել եւ վերցնել նրանցից:


Թումո կենտրոնն այնքան է ոգեւորել քաղաքապետին, որ նա մտադրվել է Փարիզում եւս նման կենտրոն հիմնել եւ երիտասարդների փոխանակումներ իրականացնել:


2016թ. դեկտեմբերի 15-ին եւ 2017թ. հունվարի 26-ին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանի գլխավորությամբ, կենտրոնը ներկայացնող թիմը քաղաքապետի հրավերով Փարիզում աշխատանքային հանդիպումներ է ունեցել փոխքաղաքապետ Պոլին Վերոնի եւ իր օգնականների հետ՝ քննարկելով ծրագրի բյուջեն, լոգիստիկան եւ կենտրոնի տեղակայումը՝ ներառյալ հնարավոր տարածքը Փարիզի «Գիտության եւ արդյունաբերության քաղաքում»:


Փարիզի քաղաքապետարանի հանձնառությամբ՝ Թումոյի թիմը տրամադրել է մանրամասն բյուջե եւ պրեզենտացիոն նյութեր, որոնք քաղաքապետարանին կօգնեն միջոցներ հատկացնել ծրագրի համար։ Ներկայումս նախագծի իրականացումը գտնվում է զարգացման փուլում՝ Փարիզի քաղաքապետարանում։