Լավրովն ԱՄՆ-ի պատժամիջոցներն անիմաստ ու անհիմն է անվանել
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհիմն են ու անիմաստ, դրանք չեն ազդում ՌԴ-ի արտաքին քաղաքական ուղենիշի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Լավրովին հարց են ուղղել, թե Մոսկվան ինչպես կարձագանքի, եթե այսպես կոչված կրեմլյան զեկույցի և նոր պատժամիջոցների նպատակահարմարության մասին ԱՄՆ վարչակազմի հաշվետվության հրապարակումից հետո հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ ներդրվեն:
Ռուսաստանի ԱԳ նախարարը պատասխանել է, որ Մոսկվան բազմիցս շեշտել է՝ առճակատում չի փնտրում: «Մենք, առճակատման սրացման մեջ բոլորովին հետաքրքրված չլինելով հանդերձ, չենք կարող հանգիստ մնալ, երբ Ռուսաստանին փորձում են ամեն կերպ պատժել»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է կոնգրեսին ներկայացնել «կրեմլյան զեկույցը»՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների ցուցակը, որոնց կարելի է համարել Ռուսաստանի իշխանությունների մերձավոր շրջապատի մարդիկ:
Նշվում է, որ խոսքը 50 հոգու մասին, իսկ ընտանիքի անդամների հետ միասին, ինչպես պահանջում է օրենքը, այդ թիվը կարող է հասնել առնվազն 300-ի: Ընդ որում՝ դեռեւս կոնկրետ անուններ չեն հաղորդում:
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ կոնգրեսականները, որոնք ցանկանում են նախագահ Դոնալդ Թրամփին մղել ավելի կոշտ գործողությունների, հրապարակել են 200 էջանոց զեկույց՝ դեմոկրատիայի վրա Կրեմլի «անհամաչափ գրոհների» և ԱՄՆ-ի համար դրանց հետևանքների վերաբերյալ:
Զեկույցի գլխավոր գաղափարը եվրոպական դաշնակիցների ներգրավմամբ Մոսկվայի դեմ նոր գլոբալ ճակատի ստեղծումն է: