Նետվե՞լ, թե՞ նետել են բարձրությունից. Արցախում զինծառայողին ծանր վիճակում հոսպիտալացրել են
Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող:
Այս տեղեկավությունը հաստատել է նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով նորակոչիկը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է: Դեպքի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հանգամանքները ճշտվում են:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը դեպքի առնչությամբ գրել է.
«Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետեւանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ-ների ու իրավապաշտպանների ուշադրությունը»:
Տեղեկություններ են հրապարակվում, որ նորակոչիկը ծառայության առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ չի ծառայելու: Նրանից փորձել են պարզել պատճառը, բայց նա կոնտակտի մեջ չի մտել։ Ի վերջո, զորամաս է հրավիրվել նրա ծնողը, և մինչ նա հասել է զորամաս, որդին իրեն լուսամուտից ցած է նետել: