Սերժ Սարգսյանը իրեն կպահի Անվտանգության խորհուրդը
Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքում:
Հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Իսկ ահա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև հանրապետության նախագահի ինստիտուտը:
Համաձայն նախագծի, Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
Եթե նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից, իսկ հենց այդպես էլ կլինի, ապա նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: Այսինքն այն օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր՝ հանրապետության նախագահի լիազորությունները և կստանձնի վարչապետի պաշտոնը: Իսկ դրանում ևս որևէ կասկած չկա: Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի առանցքային ոլորտները: Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել այն մասին, որ Սերժ Սարգսյանը վարչապետի իրենց թեկնածուն է, բայց ոչ պաշտոնապես՝ այդ մասին խոսում են բոլոր կուսակցականները և ամենուր: Ոմանք անգամ հայտարարում, որ իրենց համար անփոխարինելի մարդիկ կան և հայացքը ուղղում դեպի Բաղրամյան 26...
Վարչապետի թեկնածուի անվան հրապարակմանը շատ ժամանակ չի մնացել. այսօր Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր հետնորդի հարցում ընտրությունը կանգնել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի վրա ու թեև վերջինս ժամանակ է վերցրել մտածելու, ակնհայտ է, որ ինտրիգը այսքանով ավարտվեց և առաջիկա տարիներին Հայաստանի կառավարումը կլինի երկու Սարգսյանների ձեռքում: