Պաշտոնապես Հայաստանում գնաճը կազմում է 2,6 տոկոս, Վրաստանում՝ 6.7 տոկոս, իսկ Ադրբեջանում 7,9 տոկոս: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին, թե արդյոք գնաճն անկանխատեսելի էր Կառավարության համար ամիսներ առաջմ, երբ դրա կանխատեսումներին իրենք լուրջ չվերաբերվեցին:
Նա, մասնավորապես, շեշտադրեց բողոքները բենզինի, գազի և դիզվառելիքի թանկացումները և ներկայացրեց վիճակագրական տվյալները.
«Բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 դրամ է, մինչդեռ այս պահին Վրաստանում, որտեղից մենք տրանզիտով ստանում ենք, բենզինի գինն ավելի բարձր է: Երկրորդը. բենզին օգտագործողը այլընտրանք ունի ՝ գազ օգտագործի և եթե իր համար դա հարմարավետ չի, կարող է անցնել գազի: Գազը թանկացել է 25 դրամով, այսօր 190-220 դրամ է տարբեր ետղեր և վերականգնվել է այն գինը, որ եղել է 2015 թվականին: Լավ չի՞, որ գազի գինը թանկացել է, լավ կլինե՞ր, որ հինը մնար՝ այո, բայց 190-220 դրամը նոր պահանջ ու նոր մարտահրավեր չի շուկայում՝ շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ այդ հնարավորությունն ենք ունեցել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի թանկացմանը, ապա Կարեն Կարապետյանը նշեց, որ այս պահին դիեզլային վառելիքի գինը որոշվում է հին քանակով բերված, հին ԱԱՀ-ով, որոնք փոխվել են: Բայց, վստահեցրեց վարչապետը, բիզնեսը, որն էլ հիմնականում օգտագործում է դիզվառելիք, այս նոր սակագներից անշուշտ շահում է և միակ տեղը, որտեղ նոր սակագինը կարող է բեռ հանդիսանալ , դա գյուղատնտեսությունն է: Բայց գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկ է կատարել, որ եթե հետագայում դիզվառելիքի գինը չիջնի, ապա տարբեր ապրանքատեսակների գինը ավելանալու է 1-4 դրամով.
«Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք կամ մուտքի վրա, կամ մթերման ժամանակ: Երկրորդ՝ տեսնենք շուկան ինչպես է արձագանքում դրան և որևիցէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակներով ես չեմ տեսնում»,-հավելեց վարչապետ Կարապետյանը: