Սվիտալսկին լավատես է. ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի
Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նախորդ տարի նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Որոշ կետեր կարող են գործել մինչեւ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացվելը»,- ասաց նա:
Սվիտալսկու գնահատականով, ԵՄ-ն լավ է սկսել, իսկ վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա, որն էլ կախված է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից:
«Օրինակ՝ դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է բավականին մանրամասն գործընթացային ծանր աշխատանք, բայց մենք լավատես ենք, եւ ԵՄ-ի տեսակետից ասեմ, որ ամենակարեւորն այստեղ այն է, որ համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի: Հուսանք այս տարի գարնանից կարող է իրականացվել: Սա պահանջում է Հայաստանի կողմից վավերացում»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ամբողջական համաձայնագրի շատ մասեր հնարավոր չի լինի ավարտել առանց ամբողջական վավերացումն ավարտելու և դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի: Բայց բոլոր ազդանշաններից ելնելով կարելի է ասել, որ հիմքեր ունենք լավատես լինելու՝ կապված համաձայնագրի հիմնական կետերի իրականացման ժամանակաշրջանի հետ: