23.11.2024
Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ, հարուցվել է քրեական գործ
prev Նախորդ նորություն

Հայաստան. «փոքրիկ» երկրի «մեծ» իշխանները

Հաճախ ենք լսում պաշտոնյաներից, հասարակական ու քաղաքական գործիչներից հետեւյալ բովանադակությամբ հայտարարություններ՝ «դե մենք փոքր պետություն ենք», «մեզանից ոչինչ կախված չէ» կամ ինչպես կասեր դասականը «սա փոքր երկիր» է: Սրանք ոչ թե ուղղակի հայտարարություններ կամ արտահայտություններ են, որոնք նշված սուբյեկտները գործածում են, այլեւ մեր հանրային-քաղաքական կյանքում խորը արմատներ գցած հոգեբանություն:


«Փոքր երկրի» մտածելակերպը կամ ավելի ստույգ բարդույթը միտումնավոր, թե ակամա արտահայտվում է թե՛ ներքին կյանքում, իրավահարաբերություններում, քաղաքական գործընթացներում, թե՛ արտաքին հարաբերություններում: Երբ հանրությունը դուրս է գալիս անարդարության դեմ բողոքի, լսվում են իշխանության սաստող-խրատական «սա փոքր երկիր է» եւ չի դիմանա ցնցումների հայտարարությունները: Դրանով փորձ է արվում մի կողմից խլացնել բողոքի ձայները, իսկ մյուս կողմից՝ ապահովագրել իրենց բորբոսնած ու տարիների ժանգից լավ «դեղնակարմրած» դիրքերը հնարավոր ցնցումներից: Սա բնական է, քանի որ կայությունը կամ ավելի ստույգ լճացումը փակ կամ կիսաբաց համակարգերի սնուցան հիմնական երակն է: Այն ապրում ու վայելում է, քանի դեռ հասարակությունը «կայուն» է: Ճահիճն է նրան սնուցում, իսկ ճահճի մեջ տեղի է ունենում միայն նեխման գործընթաց, ոչ թե զարգացում:


«Փոքր երկրի» կոմպլեքսը բավականին ցայտուն է արտահայտվում հատկապես արտաքին հարաբերություններում: Դրանք չափից դուրս բարդույթավորված են կամ այդպես են ներկայացնում պետական այրերը՝ յուր անբանությունն արդարացլելու համար: «Դե մենք փոքր երկիր ենք», «մեզանից շատ բան կախված չէ», «ինչպես որոշեցին մեծերը, այնպես էլ կլինի» այս եւ նման կարգի հայտարարությունները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի պարազիտացման հիմնական ցուցիչներն են: Դրա համար հաճախ, երբ ուզվորի կամ խղճուկի կեցվածքով մի կողմից Հայաստանից, օրինակ, Ռուսաստանի հանդեպ հնչում են պահանջներ կամ խնդրանքներ «մենք փոքր երկիր կամ դաշնակից ենք եւ մեզ պետք է օգնեք» կամ «մեզ վերաբերվեք որպես հավասար գործընկերոջ» տրամաբանության մեջ, ապա ստանում ենք բավականին կոշտ պատասխան. «Դուք կամ փոքր եք, կամ հավասար»: Փոքրին ու հավասարին տարբեր կերպ են վերաբերվում ու տարբեր կերպ վարվում նրա հետ:


«Փոքր երկիր» արտահայրությունը վերաբերում է միայն եւ միայն մտածելակերպին, այլ ոչ թե տարածքի աշխարհագրական չափսերին, բնակչության թվաքանակին կամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ին: Տարածքով Հայաստանից շատ ու շատ փոքր պետություններ կան՝ Լուքսեմբուրգ, Վատիկան կամ Իսրայել: Հայաստանից շատ փոքր պետություններ կան նաեւ նշված մյուս պարամետրերով, սակայն մտահորիզոնի փոքրությունը բոլոր մակարդակներում բնորոշ է քչերին: Ապրում ենք՝ հայացքներս սեւեռած Արարատին, սակայն շատ քիչ ենք փորձում Արարատի բարձունքից նայել աշխարհին: Մարդուն, պետությանը ընկալում են որպես հավասար կամ «մեծ», երբ նա ինքն իրեն ճանաչում է եւ դրսեւորում «մեծավարի»:


Շատ են համեմատում Հայաստանն Իսրայելի հետ կամ փորձում հրեաներին համեմատել հայերի հետ, սակայն դժվար թե մեկը լսած լինի, որ Իսրայելի էլիտան խոսի «մենք փոքր երկիր ենք» բադույթավորված տրամաբանության դաշտում: «Փոքր երկրի» համար անկախությունը բեռ է, քանի որ նրանից ոչինչ կախված չէ: Ու այդ անկախությունից հաճախ ձգտում են ազատվել, քանի որ այն մեծ պատասխանատվություն է:


«Փոքր երկրի» իշխանությունը Հայաստանի Հայրապետություն անվանումն ավելի շատ ընկալում է, որպես Հայաստանի մանրապետություն: Իսկ երբ երկիրը «փոքրացվում» է, դրա հետ մեկտեղ նվազեցման է տարվում այդ երկրի հասարակության, նրա մտավոր կարողությունների ամբողջ ներուժը: Իսկ մտավոր կարողություններով կապանքների մեջ, անազատ ու պատկերացումներով սահմանափակ հասարակությունը կորցնում է անկախության իմունիտետը: Նրան շատ հեշտ է կառավարել: Այդ հասարակության աչքերում կամ ընկալումներում մուկն առյուծ է, իսկ իշխանությունը՝ հզոր ու անպարտելի: Այսպես «փոքիկ» երկրում ձեւավորվում են «մեծ» իշխաններ: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա, եթե դա հիփոթետիկ դիտարկենք որպես մեծ մտահորիզոն, մուկն անգամ անտեսանելի է, աներեւույթ մի բան: Սակայն երբ մտահորիզոնը փոքրացվում եւ հասցվում է մի քանի քառակուսի մետրի կամ սանտիմետրի, ապա այստեղ մուկը դառնում է դեմք:


Հեշտ կառավարելի հասարակության ծնունդ հանդիսացող իշխանությանը հեշտ է կառավարել դրսից: Իսկ երբ նա հանկարծ փորձում է հավասար գործընկերության հայտ ներկայացնել՝ չհրաժարվելով մանրապետության կոմպլեքսից, ստանում է «դուք կամ փոքր եք, կամ հավասար» պատասխանը: «Փոքր պետության» բարդույթի տարրեր, որքան էլ փորձեն ժխտել, նստած են նաեւ նոր սերնդի կամ քաղաքացիական հասարակության մեջ: Դրա վառ ապացույցն է Ռուասաստանի կամ ԱՄՆ-ի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներն առ այն, որ նրանցից մեկը զենք է վաճառում հակառակորդ հարեւանին, իսկ մյուսը ընտրություններին «օքեյ» տալով՝ լեգիտիմացնում «հակառակորդ» իշխանությանը:


Ստրուկը ստրուկ է, լինի այն ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի, Արևմուտքի, թե Արեւելքի: Այն միշտ արտաքին փրկիչներ է փնտրում, ընտրություններ կատարում, ոչ թե զբաղվում ներքին զարգացմամբ:


Արշալույս Մղդեսյան