Քուրդ ֆուտբոլիստ. Իմ դեմ հարձակումը հաստատում է Կարո Փայլանի հայտարարությունը
Գերմանիայում մահափորձից փրկված քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին հայտարարել է, որ իր դեմ հարձակումը փաստորեն հաստատում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Գերմանիայում հաստատված Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին հայտարարությունը: Այս մասին գրում է t24.com.tr-ն:
«Մահափորձիս ետեւում թուրք ազգայնական խմբավորումներն են, որեւէ այլ ուժի չեմ կասկածում: Ոստիկաններին ցույց եմ տվել Կարո Փայլանի հայտարարությունները նման մահափորձերի հնարավորության մասին, Փայլանը իմ դեմ հնարավոր մահափորձի մասին էլ է տեղեկություն փոխանցել», - ասել է Նաքին: Նրա մեքենան, որում նա գտնվել է մահափորձի պահին և հեռախոսը քննում են Գերմանիայի իրավապահները:
Անվտանգության նկատառումներից ելնելով նա լքել է Գերմանիան:
Ավելի վաղ Փայլանը հայտարարել էր, որ Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։