Պուտինի հատուկ ներկայացուցիչ. Սիրիայի հյուսիսում շատ քիչ հայեր են մնացել
Սիրիայի հյուսիսում կոմպակտ բնակվող հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին:
Հատուկ ներկայացուցիչը միջսիրիական կարգավորման գործում կարևորել է եկեղեցու դերը՝ հայտարարելով, որ Մոսկվան եկեղեցու աջակցությունը և օգնությունն է ակնկալում ստանալ կարգավորման հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Քրիստոնյաներից շատ շատերն են հեռացել Սիրիայից, շատերը վախենում են հետապնդումներից: Իսկ եթե խոսելու լինենք զուտ ազգային համայնքների մասին, ապա հայերն, օրինակ, որոնք կոմպակտ ապրում էին երկրի հյուսիսում, այժմ հիմնականում հեռացել են, գործնականում շատ շատերը մեկնել են երկրից »,-ասել է Լավրենտևը:
Նա մեծապես կարևորել է հանդուրժողականության և միջկրոնական համաձայնության հարցը: «Եթե բոլոր եկեղեցիների ղեկավարները նպաստեին միասնությանը, համախմբմանը, դա շատ լավ կլիներ: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի»,-ասել է Լավրենտևը: