Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ ավտոերթի մասնակիցները նախարարության մոտ են
Այս պահին Աջ ղեկ նախաձեռնության անդամներն ու աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը արգելող նախագծի դեմ բողոքող վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում, որի վերջնական կետը Տրանսպորտի և կապի նախարարությունն էր:
Նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանի խոսքով՝ իրենց միակ պահանջն է արգելող նախագծի հետկանչն ու չեղարկումը, որից հետո իրենք պատրաստակամ են ընդգրկվել աշխատանքային խմբում և նախարարության հետ քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ.
«Ցանկացած քաղաքացի, խումբ կամ նախաձեռնոթյուն կարող է միանալ մեր հետագա աշխատանքներին, մենք բաց ենք քննարկման համար, որի ժամանակ կմշակվեն ոչ խնդրահրույց դրույթներ»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր ավելի վաղ նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն պատրաստակամություն էր հայտնել հանդիպել նախաձեռնության անդամների հետ:
Նշենք, որ ավտոերթին այս պահին մասնակցում է շուրջ 100 ավտոմեքենա, թեև սզբնական հարշարկով մասնակցություն պետք է ունենաին միայն 60-ը, քանզի առավել քանակի դեպքում նախաձեռնությունը պետք է Երևանի քաղաքապետարանից թույլտվություն ստանար: Այդուհանդերձ, քաղաքապետարանը ինչպես հարկն է, իրազեկվել է բողոքի ավտոերթի մասին:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, 2018 թվականի ապրիլից Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի: Սա հստակ է և դժվար այս առումով փոփոխություն լինի՝ ոչ մի բողոքի ակցիա կամ ավտոերթ սրան չի խանգարի: Պետությունը, որը նման որոշմամբ փաստի առաջ է կանգնացնում 30 հազարից ավելի քաղաքացու, որոնք ունեն աջ ղեկով տրանսպորտային միջոց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել քաղաքացիների նյութական կորուստը (վաճառելու համար ղեկը պետք է լինի ձախակողմյան) ու նախագծի քննարկման ժամանակ անգամ այդ հարցը չի էլ քննարկվել: Ու այլընտրանք էլ չի թողնում՝ վարել մեքենան մինչև վերջին շունչը, եթե ծախել չի լինի, քանզի առաջիկայում կարգելվի նաև աջակողմյան ղեկային համակարգով միջոցների շահագործումը: