ԱՄՆ-ն չի հավատում Սիրիան ԻՊ-ից ազատագրելու Ռուսաստանի հայտարարություններին
ԱՄՆ-ն չի հավատում Սիրիայում ԻՊ-ի հետ կապված իրավիճակի մասին Ռուսաստանի իշխանությունների եւ զինվորականների հայտարարություններին: Այս մասին հայտարարել է «Իսլամական պետության» դեմ պայքարող գլոբալ կոալիցիայում ԱՄՆ հատուկ դեսպան Բրեթ Մակգերքը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով՝ ԻՊ-ն Սիրիայում դեռեւս ամբողջությամբ չի ջախջախվել, իսկ Սիրիայից զորքերը դուրս բերելու Մոսկվայի պնդումներին առայժմ չպետք է հավատալ.
«Մենք Սիրիայում սեփական ազգային շահերն ենք առաջ մղում եւ կմնանք այնտեղ ու կհոգանք, որ ԻՊ պարտությունը երկարաժամկետ լինի, իսկ այդ տարածքները՝ խաղաղ: Ո՛չ, ԻԼԻՊ-ն ամբողջությամբ չի ջախջախվել: Ես այդ մասին ձեզ ասել եմ, երբ ներկայացնում էի անցյալ շաբաթ մեր ավիահարվածների քանակության մասին: Դրանք այդ մասին հստակ վկայում են»,- հայտարարել է Մակգերքը:
«Ես տեսել եմ նրանց (Ռուսաստանի իշխանությունների) հայտարարությունները, որ ԻԼԻՊ-ը ջախջախված է, եւ իրենք պատրաստվում են Սիրիայից զորքերը դուրս բերել: Ես այս հարցում չէի շտապի եզրակացություններ անել, նրանք այնտեղ ուժերի լուրջ խմբավորում ունեն: Կրկնում եմ՝ մենք նրանց հետ կհամագործակցենք այն հարցերում, որոնք մեր շահերին համընկնում են: Եվ մենք նրանց հրապարակայնորեն կհայտարարենք հարցերի մասին, որոնցով մեր շահերը տարբերվում են»,- եզրափակել է Մակգերքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Սիրիան ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Նրա խոսքով՝ գեներալ Սուխելի եւ 5-րդ կամավորական գրոհային կորպուսի զորքերը պարտության են մատնել Դեր Զորի նահանգում մնացած գրոհայիններին: Սալիխիայիի, Էլ Խրեյտի, Էլ Կատյայի եւ Մուսալախի բնակավայրերի ազատագրումից հետո նրանք միացել են հարավից հարձակվող կառավարական ուժերի հետ: Դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր սկսել Սիրիայից ռուսական զորքերի խմբավորումների դուրսբերումը: