Իրանը Մակրոնին անվանել է «Թրամփի ծոցաշնիկ»
Իրանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Թեհրանի հանդեպ նրա կոշտ դիրքորոշման պատճառով՝ հայտարարելով, որ Փարիզը շուտով կզրկվի միջազգային ասպարեզում վստահությունից, եթե շարունակի կուրորեն հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Իր միջազգային հեղինակությունը պահպանելու համար Ֆրանսիան չպետք է կուրորեն հետևի ամերիկացիներին… Ֆրանսիայի նախագահը ներկայում հանդես է գալիս Թրամփի ծոցաշնիկի դերով»,- Fars գործակալությունը մեջբերում է Ալի Աքբար Վելայաթիի խոսքերը, ով հանդիսանում է այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդականը։
Նա այդ կերպ է պատասխանել իրանցիների հրթիռային փորձարկումների վերաբերյալ Մակրոնի քննադատությանը։
Վելայաթին քննադատության է ենթարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, ով անցած շաբաթ ցուցադրել էր իրանական հրթիռի բեկորներ։ Այդ հրթիռով Եմենի հութի-ապստամբները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի վրա, ինչը «հանդիսանում է անհերքելի ապացույց առ այն, որ Իրանը խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը»։
«Նման մեղադրանքները խոսում են նրա մոտ որևէ գիտելիքի և պարկեշտության բացակայության մասին։ Նա պարզապես նման է իր պետին, ով նույնպես խոսում է չհիմնավորված, ծիծաղելի բաների մասին։ Իրանը չի զինել Եմենին որևէ հրթիռով»,- ասել է Վելայաթին։