ՆԱՏՕ-ն ԼՂ ճգնաժամը հանգուցալուծելու հարցում առաջընթացի հույս ունի. Ռոուզ Գոթեմյոլլեր
Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը դրական անդրադարձ կունենա ամբողջ տարածաշրջանի վրա: ՆԱՏՕ-ն ճգնաժամը հանգուցալուծելու հարցում առաջընթաց տեսնելու հույս ունի: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:
Վերջինս, հիշեցնենք, Հայաստանում է դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում:
Նրա խոսքով, ավելի քան 25 տարի է անցել, սակայն ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ: Ողջունելով ղարաբաղյան հակամարտության կողմերի արտգործնախարարների և նախագահների վերջին հանդիպումները, Ռոուզ Գոթեմյոլլերը դա «գերազանց է» որակել.
«Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ ԱՄՆ-ն նման բարձր մակարդակով ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ և Ֆրանսիական հետ միասին: Որպես ՆԱՏՕ ղեկավարության ներկայացուցիչ կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն ճգնաժամը լուծելու հարցում առաջընթացի ու նոր պահ տեսնելու հույս ունի»,- հավելել է նա:
Նշենք, որ հայաստանյան այցի շրջանակում ՆԱՏՕ-ի պաշտոնյան հանդիպում է ունենալու ՀՀ նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: