25.11.2024
Իրան-ԵԱՏՄ Արտոնյալ առևտրային համաձայնագիրը կստորագրվի 2018-ի հունվարի 21-ին
prev Նախորդ նորություն

Անկարան հավատարիմ է Հայ-թուրքական արձանագրություններին. ԱԳՆ-ի արձագանքը Նալբանդյանին

Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այսպես է արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը Հայ-թուրքական արձանագրությունների մասով:


Hurriyet Daily News-ի հաղորդմամբ, այդ արձանագրությունները դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարևոր է, որ նպաստավոր քաղաքական մթնոլորտը և խաղաղությունն ապահովվեն Հարավային Կովկասում:


«Այս հաղորդագրությունը հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, որ Թուրքիան է պատասխանատվություն կրում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման համար»,- նշում է աղբյուրը:


Հիշեցնենք, ելույթ ունենալով Հունաստանի ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ 2018թ. գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների.


«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»: