Կապահովվի երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցությունը
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:
Բացի այդ, գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով: