Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով:
Ինչպես հայտնում են կառավարությունից, միջոցառումները միտված են բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավմանը:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ըստ ոլորտների բոլոր միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց:
Հիշեցնենք, այս տարվա նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» (Doing Business) զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ:
Հարեւան Վրաստանը, ընդհակառակը, կարողացել է նույն վարկանիշում էականորեն բարելավել իր դիրքերն ու հայտնվել առաջին տասնյակում:
Զեկույցի հրապարակումից հետո տեղի ունեցած կառավարության նիստին Կարապետյանը հանձնարարեց Doing Business-ի զեկույցում ՀՀ-ի դիրքերի վատթարացման հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով կազմել եւ սկսել ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
Վարչապետն այն ժամանակ հայտարարեց, որ միջգերատեսչական հանձնաժողովը կազմվելու է գերատեսչությունների ղեկավարների մակարդակով եւ նրանք անձնական պատասխանատվություն է կրելու կատարվելիք աշխատանքի համար: Նա խոսեց նաեւ Հայաստանի թույլ տեղերից: Դրանք, Կարապետյան խոսքով, դատական համակարգն է, ընկերությունների սնանկացման գործընթացի հետ կապված ընթացակարգերը եւ ֆինանսական (վարկային) հասանելիությունը։
Հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը չանդրադարձավ այս վարկանիշում հետընթաց գրանցելու համար պատասխանատվության խնդրին: Չէ, որ այս տարվա օգոստոսին Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում 150 պետության շարքում մեր երկիրն իր դիրքը կբարելավի 12 կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով եւ զբաղեցրել 38-րդ հորիզոնականը: