ՄԻԵԴ. Ադրբեջանը ԼՂ հակամարտության ընթացքում բռնի տեղահանվածի ընտանիքին կվճարի 35000 եվրո
Ադրբեջանը Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, 35.000 եվրո նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի: Նման որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը՝ նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:
Հայցը ներկայացվել էր 2006 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցում Սարգսյանը նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել: Հայցվորը կյանքից հեռացել է 2009 թվականին:
Հայցվորը 374.814 եվրո փոխհատուցում էր պահանջել 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար: Նա նաև նշել էր, որ իրեն մի քանի անգամ մերժել են հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու հարցում։ Սարգսյանի մահից հետո այրին և երեխաները ճանաչվել են իրավահաջորդ:
Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ Ադրբեջանը գումարը պետք է վճարի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:
Հատկանշականա է, որ ՄԻԵԴ Նույն պալատը որոշում է կայացրել նաեւ «Չիգարովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Այսպիսով Հայաստանը յուրաքանչյուր 6 հայցվորի պետք է վճարի 5 հազարական եվրո, ինչպես նաեւ 28 հազար ֆունտ սթերլինգ ընդհանուր ծախսերի համար:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը «Չիգարովը եւ մյուսներըն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումըն ընդունել էր 2015 թ-ի հունիսի 16-ին եւ փաստել, որ տեղի է ունեցել սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի ու արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքների խախտում: