Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի մեղադրանքներին ու նոր պատժամիջոցներին. սենատոր
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի փորձեը չեղարկելու Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Կոսաչեւը «լկտիություն» է որակել ԱՄՆ-ի հայտարարած նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «իբր Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման համար»:
«Hնարավոր է, ամենալկտին են այն ամենից, ինչ ԱՄՆ-ն սահմանել է: Քանի որ այստեղ գլխավոր խախտողը հարձակվում է նրա վրա, ով իրեն մերկացրել է խախտման մեջ»,- ասել է նա եւ հավելել, որ ՌԴ-ն շահագրգռված է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանմամբ:
«ՌԴ-ն շահագրռված է, քանի որ Մոսկվայի համար, ի տարբերություն ԱՄՆ-ի, այն ռազմավարական նշանակություն ունի, ինչպես եւ բոլոր եվրոպական երկրների համար», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Վաշինգթոնի՝ սպառազինության վերահսկողության ոլորտում նաեւ այս կարեւոր պայմանագիրը վերացնելու այս քայլն անպատասխան չի մնա: