ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Նա այս մասին հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը:
Նրա խոսքով, ԼՂ հարցով ՌԴ-ն նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից:
Նշենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:
Ժնևում այս տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ գագաթաժողովը, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց «միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող զոհվեց:
Լավրովի արտահայտած մտքերին համանման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին:
«Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարեւոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել է Թիլերսոնը:
ԵԽԽՎ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին էլ կոչ է արել վերականգնել հակամարտությունների լուծման միջնորդությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունն ու Ուկրաինայի ճգնաժամը։ «Լեռնային Ղարաբաղում գնալով ավելի ինտենսիվ դարձող ռազմական գործողությունները խորին մտահոգության տեղիք են տալիս, եւ մենք, իհարկե, չպետք է աչքաթող անենք Ուկրաինայում եւ դրա շուրջ ստեղծված ճգնաժամը»,– ասել է նա՝ դիմելով Վիեննայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 24-րդ նիստին։
Ծերեթելին նշել է, որ այդ հակամարտությունները շատ կյանքեր են խլել, դրանց ժամանակ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։ «Մենք ԵԱՀԿ–ում երբեք չպետք է դա ընկալենք որպես նորմալ կամ հանդուրժելի երեւույթ։ Հուսամ՝ այս սեղանի շուրջ մենք կարող ենք խաղաղության եւ վստահության ամրապնդման մասին համաձայնության գալ։ Ինչպես, որ դա արվել է Մոլդովայում, որտեղ մենք տեսնում ենք, որ համառությունը դրական արդյունքներ է տալիս»,– ասել է նա։