Ֆուտբոլային մաֆիա. Արգենտինայում ձերբակալվել է Դեպորտիվո Արմենիո ակումբի հայազգի նախագահը
Արգենտինայում ձերբակալվել է «Independente» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ակումբի նախագահ, արգենտինահայ գործարար Նորայր Նակիսը:
Այս մասին հայտնում է արգենտինական «La Nacion» պարբերականը:
Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։ Նշվում է, որ Նորայր Նակիսը մեղադրվում է անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ, գրում է armsport.am-ը:
Նշվում է, որ բացի նրանից՝ նույն գործով ձերբակալվել է եւս 22 հոգի: Նորայր Նակիսը, որն արգենտինական լրատվամիջոցներին հայտնի է Նորայ անունով եւ մյուս ձերբակալվածները կասկածվում է հանցագործ խմբավորման հետ կապ ունենալու մեջ:
Խմբավորումը մեղադրվում է ֆուտբոլային անօրինական բանակցություններ վարելու, ֆուտբոլիստների ու մարզիչների շահագործելու, Նակիսի միջոցով փողերի լվացման մեջ: Նշվում է, որ Նակիսն օգտագործել է խմբավորման լծակները սեփական շահերի համար բանակցություններ վարելու նպատակով: Հանցագործ խմբավորման անդամները բառաբրավայի ներկայացուցիչներ են: Լատինական Ամերիկայում այդպես են անվանում ակումբների երկրպագուների կազմակերպված խմբերին:
Որպես հանցագործ խմբավորման ղեկավար ձերբակալված է նաեւ Ավեյանեդա ֆուտբոլային թիմի բառաբրավայի առաջնորդ Պաբլո Ալվարեսը, որը հայտնի է Բեբոտե մականունով: Նակիսը մտերիմ է նրա հետ:
Այդ ակումբների թվում են արգենտինական Ռասինգը, Արսենալը եւ Ինդեպենդիենտեն: Ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական եւ իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։
Ինչպես հայտնում է politik.am-ը, Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է երգիչ Թաթա Սիմոնյանը։ Երեկ հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաեւ Նակիսը։