25.11.2024
Փորձագետներ. Պանկիսին Վրաստանի համար «գլխացավանք» է
prev Նախորդ նորություն

Վրաստանին սպառնացել են ահաբեկչական «պատերազմով»

Լուրեր են հաղորդվում, որ Վրաստանի իշխանությունները չեչենական խմբերից մեկից նախազգուշացում են ստացել, որ իրենց համախոհների վնասազերծումից հետո իրենք պատրաստ են Վրաստանում ահաբեկչական հարձակում իրականացնել: Այդ մասին գրում է «Независимая Газета»-ն:


Կիրակի Թբիլիսիում հրաժեշտ են տվել նոյեմբերի 22-ին Վրաստանի մայրաքաղաքում արգելափակված ահաբեկիչների վնասազերծման ընթացքում զոհված հատուկջոկատային Վանո Գոլոշվիլիին: Բաթումում շարունակվել են ուրբաթ գիշերը «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 12 զոհերի ինքնության հաստատման գործընթացը և ողբերգության պատճառները պարզելու շուրջ գործողությունները: Իսկ Քոբուլեթում շարունակվել է հատուկ գործողությունը, որի ընթացքում քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց: Փորձագետներն այդ իրադարձությունները փոխկապակցված չեն համարում, բայց նաև չեն շտապում հերքել դրանց միջև հնարավոր կապը:


Քանի որ իրավապահ մարմինները դեռ չեն առաջադրում Թբիլիսում անցկացված հատուկ գործողության միանշանակ վարկած, տեղի ունեցածի շուրջ լուրեր, ենթադրություններ և մեկնաբանություններ են շրջանառվում:


«Լուրերի համաձայն՝ Վրաստանի իշխանությունները չեչենական խմբերից մեկից նախազգուշացում են ստացել, որ իրենց համախոհների վնասազերծումից հետո նրանք պատրաստ են Վրաստանում կազմակերպել այնպիսի բան, որ կարելի կլինի մոռանալ երկիրը զբոսաշրջային երկիր դարձնելու ծրագրերի մասին: Եթե իսկապես նման չարագուշակ բան գոյություն ունի, ապա ժամանակն է, որ իրավապահ գերատեսչությունները հրաժարվեն հանգստյան օրերից և շուրջօրյա ծառայության անցնեն. առաջիկա զբոսաշրջային սեզոնի տապալման համար, ինչպես նաև անվտանգության ոլորտում ցանկացած երկրի հեղինակությունը գցելու համար շատ բան հարկավոր չէ»,- գրում է կայքը:


JAM-news-ում հրապարակված հոդվածում Վրաստանի անվտանգության և զարգացման կենտրոնի տնօրենի տեղակալ Գիորգի Գոգուաձեն գրում է, որ երկիրը մտել է նոր իրականություն:


«Եթե մինչ այժմ ահաբեկիչների հետ պատերազմին մենք հետևել ենք հեռվից, ապա այժմ այն եկել է մեզ մոտ և հայտնվել մեր աչքի առաջ… Մենք չկարողացանք հաղթահարել խուճապը և վախի գործոնը: Բարձրաստիճան անձինք որոշեցին գնահատականներ չտալ մինչև հատուկ գործողության ավարտը, իսկ մամուլի կարճատև ասուլիսները ոչ այնքան հերքեցին լուրերը և ենթադրությունները, որքան ավելի շատ դրանց նպաստեցին»,- ասել է նա: