Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի հանդիպումը
Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը: Նախագահաները համաձայնել են, որ ռազմական գործողությունը Սիրիայում մոտ է ավարտին ևայժմ հարկավոր է անցում կատարել քաղաքական գործընթացներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, ահաբեկչության խնդիրը գլոբալ բնույթ ունի: Ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը դեռ շատտ հեռու է, բայց ինչ վերաբերում է մեր համատեղ աշխատանքին` Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարում, ապա այդ ռազմական օպերացիան իսկապես ավարտվում է»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով, այժմ ժամանակն է անցնել քաղաքական գործընթացներին և գնահատել է Բաշար Ասադի` այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
Իր հերթին Սիրիայի նախագահը, գնահատելով արված աշխատանքը, նշել է, որ ռազմական գործողությունը թույլ տվեց առաջ քաշել Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը: Ասադը նաև ասել է, որ Ռուսաստանի աջակցության կարիքն ունի այդ գործընթացում:
«Մենք Ռուսաստանի աջակցության հույս ունենք, ինչը թույլ կտա զերծ պահել գործընթացը արտաքին խաղացողների միջամտությունից»,- ասել է Ասադը:
«Շատ բան է արվել Սիրիայում իրավիճակի կայունացման համար: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք վերջակետ կդնենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, թեև հասկանալի է, որ որոշ օջախներ դեռ կհայտնվեն»,- ասել է Պուտինը: