30.11.2024
ԱԻՆ նախագահը հացադուլ է սկսել՝  ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է տեղի ունեցել Երեւանի մետրոպոլիտենում. պայթյո՞ւն, զինված ա՞նձ, թե՞ կեղծ ահազանգ

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենում զինված անձի եւ պաթյունի մասին ահազանգ է ԱԻՆ-ում ստացվել: Այնուհետեւ, սակայն, Մետրոպոլիտենից հերքեցին, որ պայթյունի մասին որեւէ ահազանգ չի ստացվել եւ զինված անձ չի եղել:


Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենից որեւէ ահազանգ չի ստացվել եւ Մետրոպոլիտենում զինված անձ չի եղել: Այս մասին ասել է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մամլո խոսնակ Նինել Վարդանյանը, հայտնում է news.am-ը:


«Դա աբսուրդ է, նման բան գոյություն չունի, ես չգիտեմ այդ տեղեկատվությունն ումից է դուրս եկել եւ ինչ նպատակով: Ճշմարտությունը հետեւյալն է, որ Հանրապետության կայարանից կարճ հեռավորության վրա դատարկ գնացքը տեխնիկական խնդիր է ունեցել, կանգ է առել։ Մասնագետների ջանքերով շուտափույթ գնացքը հանվել է գծից եւ երթեւեկությունը կարգավորվել է: Ուղղակի մի որոշ ժամանակ երթեւեկությունը միակողմանի է կազմակերպվել»,-ասաց նա:


Նինել Վարդանյանը նշել է, որ այս պահին Մետրոպոլիտենի աշխատանքը բնականոն հունի մեջ է:


Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի հատվածում մի ժամից ավելի է, որ երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով եւ հրազենով, դուրս է եկել եւ սպառնում է քաղաքացիներին։


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենում» տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


ԱԻՆ-ից հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:


Ուղևորներն անվնաս դուրս են բերվել գնացքից: Ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը:


Ըստ armtimes.com-ի տեղեկությունների, նոյեմբերի 19-ի առավոտյան Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենում զինված մարդ լինելու մասին ահազանգ տվող քաղաքացին, որը երեկ բերման էր ենթարկվել, տեղափոխվել է հոգեբուժարան:


Նշվում է, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր: «Մեր տեղեկություններով, կեղծ ահազանգ տվողը 33-ամյա տղամարդ է. ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ», - նշում է հոդվածագիրը: