Համագործակցությունը քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում դրական է. Պուտին
Նախագահ Սերժ Սարգսյանն Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
«Մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նշելով, որ Հայաստանի ղեկավարը Մոսկվա է ժամանել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ, ՌԴ նախագահն արձանագրել է, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցություն կա.
«Մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում: Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք»,-հավելել է Վլադիմիր Պուտինը:
Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ համաձայն է իր գործընկերոջ հետ` ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: «Սոչիում մեր վերջին հանդիպումից հետո մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության մակարդակով պաշտոնական այց: Հոկտեմբերին անցկացրել ենք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը և Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Ամսվա սկզբին կայացել է Միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը»,- թվարկել է նա:
Երկրի ղեկավարի խոսքով, մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը ՀՀ համար ունեն հատուկ նշանակություն. անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել «Ռուսաստանի մշակույթի օրերը», իսկ բառացիորեն այսօր մենք մեկնարկ ենք տալիս «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր մշակութային քաղաքներում:
Այնուհետ հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Սարյանի մոտ երեք տասնյակ բացառիկ աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից, որոնք ստեղծվել են անվանի վարպետի կողմից Մերձավոր Արևելքի երկրներում ճանապարհորդության ընթացքում, ինչպես նաև դրանց մասին հիշողությունների հիման վրա:
Ցուցահանդեսը դիտելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում հանդես են եկել ելույթներով: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին ՌԴ նախագահը հայտնել էր դեռևս ս.թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: