ԱՄՆ Կոնգրեսը 4,6 միլիարդ դոլար է հատկացրել Ռուսաստանին «դիմակայելու» համար
ԱՄՆ Կոնգրեսում համաձայնեցրել են 2018 ֆինանսական տարվա համար երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,6 միլիարդ դոլարի հատկացում Եվրոպայում Ռուսաստանին «դիմակայելու» համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնավորապես, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթերը հավանության են արժանացնում Կիևին ռազմական օգնության համար 350 միլիոն դոլարի հատկացումը: Միջոցները կարող են հատկացվել «մահաբեր պաշտպանական զենքերի» մատակարարումներ նախատեսող «Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնության տրամադրման նախաձեռնության» շրջանակներում:
Սկբնապես թույլ է տրվում ծախսել գումարի միայն կեսը, երկրորդ մասը կարող է ծախսվել միայն այն դեպքում, եթե Պենտագոնի ղեկավարը համոզվի Կիևի կողմից անցկացվող ռազմական բարեփոխումների հաջողության մեջ:
Բացի այդ, բյուջեի համաձայնեցված նախագիծը նախատեսում է 100 միլիոն դոլարի հատկացում Լիտվային, Լատվիային և Էստոնիային՝ «ռուսական ագրեսիային» դիմադրելու համար օգնության նպատակով: