Buzzfeed․ Թուրքական լոբբիստ Մայքլ Ֆլինը կարող է Մանաֆորթի ճակատագրին արժանանալ
Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի դեմ մեղադրանքները վատ ազդանշան դարձան Թուրքիայի համար աշխատած՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի համար։
Մանաֆորթի նման Ֆլինը մի քանի ամիս շարունակ չէր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, այնինչ աշխատում էր Թուրքիայի համար, գրում է Buzzfeed-ը։ Միաժամանակկ Ֆլինը նույնպես ՀԴԲ-ին ստել էր ռուսների հետ ունեցած կապերի մասին։
Մանաֆորթի նման Ֆլինը ուշ է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, երբ արդեն 530 հազար դոլար էր վաստակել՝ աշխատելով թուրք բիզնեսմենի համար՝ հօգուտ Թուրքիայի։ Նա այդ աշխատանքը կատարել է 2016-ի ամռանն ու աշնանը, երբ զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի համար աշխատելիս նա միաժամանակ մասնակցում էր հետախուզության փակ ճեպազրույցներին՝ Թրամփին խորհուրդներ տալով ազգային անվտանգության հարցերի շուրջ եւ սյունյակներ էր գրում՝ ի պաշտպանություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամի Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման անհրաժեշտության մասին։
Ֆլինը գրանցվել էր որպես օտարերկրյա գործակալ մարտի 7-ին՝ պաշտոնից հեռանալուց 3 շաբաթ եւ թուրքական լոբբիստների հետ պայմանագիր ստորագրելուց 8 ամիս անց։ Ֆլինի հեռանալուց հետո պարզվել էր, որ Թրամփի պաշտոնյաներին նախազգուշացրել էին առանձին դեպքերի մասին, երբ խորհրդականը գումար էր ստացել Թուրքիայի շահերը պաշտպանելու դիմաց։