Կառավարության ներկայացրած 2018թ.-ի պետական բյուջեի նախագծում կան դրվագներ, որոնք վստահություն չեն ներշնչում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:
Հարցին՝ ինչո՞ւ 2018թ.-ի պետական բյուջեն չի լուծում սոցիալական խնդիրները, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ 3 տարվա կտրվածքով թոշակների ու աշխատավարձերի աճ չի նախատեսվում: «Ես հեռու եմ այն մտքից, որ մենք տառապենք պարզապես պոպուլիզմով, բայց կարծում եմ, որ արտադրության ոլորտը, բիզնեսի ընդլայնման ոլորտը պետք է խթանել, որը չպետք է լինի ի հաշիվ մեկը մյուսի»,- ասաց Մելքումյանը, գրում է tert.am-ը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ բյուջեով նախատեսված է օրինակ կրճատել առողջապահական ոլորտում 6 միլիարդ, և պետք է հասկանալ, թե ինչու է նման որոշում ընդունվել: «Պետք է հասկանանք նաև, թե ներքին վճարունակ պահանջարկը ո՞նց է իջնելու, եթե թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում: Օրինակ՝ սեղմված գազի գնի հնարավոր թանկացումը զսպելո՞ւ ենք, թե ոչ. չէ՞ որ եթե այն թանկանա, թանկանալու է նաև հասարակական տրանսպորտը: Ի՞նչ է լինելու: Եթե թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվում, եկամուտները չեն աճում, ապա ընդհանուր վճարունակ պահանջարկը իջնում է, աղքատության մակարդակը չի զսպվում: Սա լուրջ պրոբլեմ է, որը պետք է վերաիմաստավորել»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Ըստ պատգամավորի՝ պետք է ուսումնասիրել, հասկանալ, թե արտադրական ոլորտում արվելիք կապիտալ ծախսերը որքա՞ն ժամանակ հետո են արդյունք տալու, տալու են արդյոք, թե ոչ:
«Սա ռիսկային է: Ռիսկերի գնահատում արվե՞լ է: Մեր երկիրն այն երկիրը չէ, որ պետական ծախսերը ստերիլ լինեն, որ կոռուպցիա չլինի, անարդյունավետ ծախսեր չլինեն: Երբ պետությունը կապիտալ ծախսերի մասով փորձում է խթանել, ծախսերի կառավարման ենթակառուցվածքները պետք է վստահություն ներշնչեն, որը մենք չենք տեսնում»,- ասաց Մելքումյանը:
Ըստ նրա՝ բյուջեն «սև ու սպիտակ չէ, սխալ ու ճիշտ չէ», կան դրվագներ, որոնք տեղին են, բայց վստահություն չեն ներշնչում՝ ելնելով այն համակարգից, որը մենք ունենք: «Քաղաքական մեծամասնությունը նույնն է, չի փոխվել, փոխվել են կառավարություններ: Այն, ինչ անում է այս կառավարությունը, 100 տոկոսով ռեվիզիայի է ենթարկում նախորդ կառավարությունների գործունեությունը»,- ասաց Մելքումյանը: Ըստ նրա՝ բյուջեի «ֆոնը պոզիտիվ չի կարող լինել, դա փաստ է»:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընթացող 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների մասին, ասել է, որ կառավարությունը ոչ, թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականույթուն է վարում:
«Արդեն 3 տարի մենք կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ ունենք գնաճ և շարունակելու ենք այն ունենալ։ Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին 2.7 տոկոս, այսինքն արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ, հետևաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ 2018 թվականի հունվարին ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, որոնք լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները մեծացնելու են՝ իրենց հետ բերելով սոցիալական հետևանքներ։
«Բյուջեն այս առումով գնահատում եմ որպես բացարձակապես ոչ ադեկվատ: Մի քանի օր առաջ Սյունիքի մարզում էի, քաղաքացիները մոտենում, ինձ հարցնում էին, թե ինչու՞ թոշակները չեն բարձրացնում: Ես հարկ էի համարում կրկնել, որ, երբ ընտրություններին 10 հազար էին վերցնում ու ընտրում այսպիսի մեծամասնություն, ապա պետք է պատրաստ լինեին այս իրավիճակին», - ասաց Փաշինյանը, գրում է armtimes.com-ը:
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ավելացրեց, որ, երբ խոսում են պաշտոնական գնաճի տոկոսների մասին, ապա պետք է հիշել, որ 2017 թվականին առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ կրկնակի են թանկացել:
«Պետք է հաշվի առնել, որ շատ ավելի է լինելու քաղաքացիների գնողունակության անկումը, քան պարազապես թվերն են: Սրան գումարած 2018 թվականին գործելու է նաեւ կուտակային կենսաթոշակային վարկը, հարկային օրենսգրքում փոփոխություններ, որոնցով տարբեր խավերից գանձվող գումարներն ավելանալու են, հարկային բեռն ավելանալու է տարբեր խավերի վրա»,- նշեց նա:
Գորգիսյանը նկատեց՝ մի կողմից հարկային բեռն է ավելանում, մյուս կողմից՝ գնաճ է լինում, զուգահեռ սոցիալական ապահովություն ոլորտում ավելացումներ չեն լինում.« Մեզ շատ լուրջ ճգնաժամային տարի է ապասում»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:
Ավելի վաղ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով պետբյուջեի նախագիծը, հայտարարեց, որ 2018թ. կանխատեսվում է 2017թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը:
Նրա խոսքով, 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին պահանջարկի աճով, այնպես էլ արտաքին զարգացումներով:
Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի աճի պայմաններում կանխատեսվում է սպառման 6.5% իրական աճ: Ընդ որում՝ վերջնական սպառումը կաճի և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում:
Նախարարը նշեց, որ 2018թ. կանխատեսվում է արտահանման` 8.0%, ներմուծման` շուրջ 7.8% իրական աճ: «2018թ. համախառն պահանջարկի շարժիչ է ներքին պահանջարկը՝ սպառման և ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում բարելավվելու է»,-ասաց նա: