Մենք Միացյալ Նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական եւ տնտեսական կապեր կան երկու երկրների միջեւ։ Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա խոսել այս մասին՝ պատասխանելով հարցազրուկցավարի հարցին, թե արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, ի՞նչ ձգտումներ ունի հայաստանյան հասարակությունը։ «Դեպի Արեւմո՞ւտք է արդյոք այդ կողմնորոշումը, եւ հնարավոր է արդյոք դրա իրականացումը աշխարհաքաղաքական ներկա իրադրությունում», - հարցրել է լրագրողը։
Դեսպանը խոստովանել է, որ շատերն են այս նույն հարցն ինձ ուղղում, եւ ցանկանում է, որ Արեւմուտքի, իր անմիջական հարեւանների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ «մեր դիրքորոշումը լինի հստակ»։ «Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։ Հայաստանը դժվարին հարեւանության մեջ է գտնվում, եւ հնարավորինս շատ երկրների հետ ամուր կապեր ունենալը անչափ կարեւոր է», - ասել է դեսպանը։
Նա վստահեցրել է, որ Միացյալ նահանգներում հասկանում են, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ «Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական եւ տնտեսական կապեր կան երկու երկրների միջեւ։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ», - նշել է նա։
«Հայաստանը պետք է եւ′ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, եւ′ Միացյալ Նահանգների, եւ′ Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում։ Անկեղծորեն ասեմ՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում փորձի առավել բարելավել հարաբերություններն իր անմիջական հարեւանների հետ՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչ-որ մի պահի՝ Ադրբեջանի հետ։ Սկզբում դուք հարցրիք՝ արդյոք Հայաստանը իր ներուժն ամբողջությամբ է իրացրել՝ լինի տնտեսական զարգացման, թե՝ ժողովրդավարության զարգացման ասպարեզներում։
Շատ ու շատ խնդիրներ նաեւ պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով, կոռուպցիայի խնդիրը կա, ազգային անվտանգության խնդիրը կա։ Եվ ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում»,- եզրափակել է նա։